ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 8 հոկտեմբերի 1999 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարար Ս. Սարգսյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով եւ 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21(1) եւ 56 հոդվածներով,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ կառավարական կապի բնագավառում համագործակցության մասին 1999 թվականի ապրիլի 29-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան, մուտքագրված՝ 22. 09. 1999թ.:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Սարգսյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Համաձայնագիրն ստորագրվել է 1999թ. ապրիլի 29-ին՝ Երեւանում:

Համաձայնագրով Կողմերը պայմանավորվում են երկու պետությունների միջեւ ապահովել եւ կատարելագործել մշտապես գործող միջպետական կառավարական կապը՝ օգտվելով դրա կազմակերպման, տեխնիկական շահագործման եւ անվտանգության ապահովման հավասար իրավունքներից:

Համաձայնագրով Կողմերն իրենց տարածքում կառավարական կապ են տրամադրում մյուս Կողմի պաշտոնատար անձանց եւ սահմանում են իրավասու կազմակերպությունների միջեւ համագործակցության իրականացման կոնկրետ բնագավառները, դրա իրականացման հստակ ձեւերը եւ դրանից բխող՝ Կողմերի ստանձնած պարտավորությունները:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ՝ կապված կառավարական կապի կազմակերպման, գործողության մեջ դնելու, տեխնիկական շահագործման եւ հետագա կատարելագործման ծախսերի, ինչպես նաեւ երրորդ պետությունների տարածքով անցնող կապի ալիքների վարձակալության ծախսերի իր մասը հոգալու հետ:

Համաձայնագիրը կնքված է երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն եւ ռուսերեն, ընդ որում, երկու տեքստերը հավասարազոր են:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ կառավարական կապի բնագավառում համագործակցության մասին 1999 թվականի ապրիլի 29-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

8 հոկտեմբերի 1999 թվականի
ՍԴՈ - 172

print page Տպել էջը