ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 8 հոկտեմբերի 1999 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ հրավիրված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով եւ 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21(1) եւ 56 հոդվածներով,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության մասին 1999 թվականի մայիսի 20-ին Երեւանում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան, մուտքագրված՝ 22. 09. 1999թ.

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Հարությունյանի գրավոր բացատրությունը, Ա. Պետրոսյանի պարզաբանումները, հետազոտելով պայմանագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Պայմանագիրն ստորագրվել է 1999թ. մայիսի 20-ին՝ Երեւանում:

Պայմանագիրը սերտորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության՝ ԱՊՀ-ի շրջանակներում իրականացվող ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությանը:

Պայմանագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության կոնկրետ ոլորտները, դրա իրականացման հստակ ձեւերը եւ դրանից բխող՝ Կողմերի ստանձնած պարտավորությունները:

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը հիմնվում է կողմերի ինքնիշխանության, իրավահավասարության, փոխշահավետության սկզբունքների վրա:

Ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում միջոցառումների իրականացման հետ կապված ֆինանսական ծախսերը Կողմերն իրականացնում են փոխադարձ հիմունքներով:

Պայմանագիրը կնքված է երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, բելոռուսերեն եւ ռուսերեն, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են: Պայմանագրի դրույթների մեկնաբանման դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:

Պայմանագրում նախատեսված են նաեւ դրույթներ՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու եւ գործողության ժամկետի վերաբերյալ:

Պայմանագրի դրույթները չեն հակասում ՄԱԿ-ի կանոնադրության 51 հոդվածի եւ «ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության մասին» 1992թ. մայիսի 15-ին Տաշքենդում ստորագրված պայմանագրի պահանջներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության մասին 1999 թվականի մայիսի 20-ին Երեւանում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

8 հոկտեմբերի 1999 թվականի
ՍԴՈ - 173

print page Տպել էջը