ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈԻԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 8 հոկտեմբերի 1999 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռ. Շառոյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջգրադարանային բաժանորդագրության համակարգի ստեղծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ռ. Շառոյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ..

Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի հունվարի 13-ին Սարատովում՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջեւ միջգրադարանային բաժանորդագրության բնագավառում համագործակցության զարգացման, ինչպես նաեւ գրադարանային ու փաստաթղթային ֆոնդերի եւ տեղեկատվության միջոցների փոխադարձ օգտագործման մեխանիզմի կատարելագործման նպատակով, համարելով միջգրադարանային բաժանորդագրությունն ընդհանուր տեղեկատվական եւ գիտատեխնոլոգիական տարածքի ապահովման կարեւոր միջոց։

Ըստ համաձայնագրի Կողմերն ստեղծում են միջգրադարանային բաժանորդագրության համակարգ (ՄԳԲՀ)՝ փաստաթղթային ֆոնդերի փոխգործակցության հիման վրա։

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետեւյալ պարտավորությունները.

1) միջոցներ ձեռնարկել ստեղծելու եւ զարգացնելու արդյունավետ ազգային միջգրադարանային բաժանորդագրության համակարգ, որը Կողմերի օգտագործողների համար կապահովի գրադարանների եւ տեղեկատվության մարմինների ֆոնդերի առավելագույն մատչելիությունը,

2) ցուցաբերել ԱՄԳԲՀ եւ միջգրադարանային բաժանորդագրության կենտրոններին իրավական եւ ֆինանսատնտեսական աջակցություն,

3) ձեռնարկել համաձայնեցված միջոցներ՝ ԱՄԳԲՀ-ի փոխգործակցությունն ապահովելու եւ Կողմերի բաժանորդներին անարգել փաստաթղթեր ու տեղեկատվություն տրամադրելու համար։

Համաձայնագրի իրագործման համար Գիտատեխնիկական զարգացման միջպետական կոմիտեի կառուցվածքում ստեղծվում է բաժին (սեկցիա), որի գործառույթները, աշխատանքային մարմինները, գտնվելու վայրը եւ գործունեության ֆինանսավորումը սահմանվում են դրա մասին կանոնադրությամբ։

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն համաձայնագրից՝ այդ մասին դուրս գալուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ, գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին։

Համաձայնագիրը կնքվում է անժամկետ։ Այն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը պահանջում է դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում՝ համապատասխան ծանուցումն ավանդապահին հանձնելու օրվանից։

Համաձայնագիրը կնպաստի Հայաստանի Հանրապետության մտավոր ներուժի զարգացմանը, այն բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 եւ 36 հոդվածների պահանջներից։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ..

1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջգրադարանային բաժանորդագրության համակարգի ստեղծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

8 հոկտեմբերի 1999 թվականի
ՍԴՈ - 174

print page Տպել էջը