ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԲԵՌՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 8 հոկտեմբերի 1999 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ.Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Հ. Գեւորգյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Շվեյցարական Դաշնային խորհրդի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության մասին 1998 թվականի նոյեմբերի 19-ին Բեռնում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ.Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Գեւորգյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Համաձայնագրով Կողմերը նպատակ են հետապնդել իրենց ներքին օրենսդրության եւ միջազգային պարտավորությունների շրջանակներում, ինչպես նաեւ 1975 թվականի օգոստոսի 1-ին Հելսինկիում ստորագրված Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կոնֆերանսի Եզրափակիչ ակտում, Նոր Եվրոպայի համար Փարիզյան խարտիայում, Եվրոպայում տնտեսական համագործակցության Բոննի կոնֆերանսի վերջնական փաստաթղթում, Առեւտրի եւ սակագների գլխավոր համաձայնագրում եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված սկզբունքներին համապատասխան հաստատել փոխադարձ առեւտրի իրականացման եւ տնտեսական հարաբերությունների զարգացման կանոնները:

Կողմերը պայմանավորվել են զարգացնել տնտեսական համագործակցությունը, մատակարարման նոր աղբյուրների եւ շուկաների որոնումը, համատեղ ձեռնարկությունների հիմնումը, փոքր եւ միջին ձեռնարկությունների միջեւ համագործակցության խթանումը, մտավոր սեփականության բնագավառում համագործակցության ամրապնդումը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ուղիների որոնումը:

Ինքնիշխանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում եւ 1 հոդվածում ամրագրված սահմանադրական կարգի սկզբունքին, ինչպես նաեւ 8 հոդվածում ամրագրված տնտեսական գործունեության ազատության եւ ազատ տնտեսական մրցակցության սկզբունքներին համապատասխան՝ համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս կառավարության, ստանձնել է հետեւյալ հիմնական պարտավորությունները.

1) ապրանքների նկատմամբ կիրառել առավել բարենպաստ ռեժիմ՝ դրանց արտահանման, ներմուծման հետ կապված մաքսատուրքերի, վճարների, հարկերի, ինչպես նաեւ հարկերի ու վճարների գանձման մեթոդների առումով (հոդված 3, 1-ին կետ),

2) ապրանքների արտահանման եւ ներմուծման դեպքերում արգելքներ, քանակական սահմանափակում կամ արտոնագրում չկիրառել, բացառությամբ երրորդ երկրների հանդեպ ստանձնած այլ պարտավորության դեպքերի (հոդված 4),

3) ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառել ազգային ռեժիմ՝ Հայաստանի Հանրապետությունում դրանց վաճառքի, վաճառահանման, գնման, փոխադրման, տարածման, օգտագործման, դրանց հարկման եւ այլ վճարների առումով, ինչպես նաեւ մյուս Կողմի քաղաքացիների համար սահմանել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան տրամադրված է Հայաստանի Հանրապետության կամ մեկ այլ պետության քաղաքացիներին (հոդված 5, հոդված 10, 7-րդ եւ 8-րդ կետեր),

4) առանձին գործարքների շրջանակներում ապահովել շուկայական գներով ապրանքների գնումն ու վաճառքը, հնարավորություն ընձեռել մյուս Կողմի ձեռնարկություններին մասնակցել այդ գործարքներին՝ մրցակցային սկզբունքներով (հոդված 7, 1-ին կետ),

5) տեղեկություններ տրամադրել առեւտրային գործունեության ոլորտին վերաբերող ներպետական օրենսդրության, դրանում կատարվող փոփոխությունների, ինչպես նաեւ դատական եւ վարչական որոշումների վերաբերյալ (հոդված 8),

6) ապահովել ներքին արտադրողի շահերը՝ ապրանքների մեծածավալ ներմուծումների դեպքում (հոդված 9),

7) ապահովել մտավոր սեփականության օբյեկտների արդյունավետ, ոչ խտրական եւ համարժեք պաշտպանություն՝ անհրաժեշտության դեպքում գործող օրենսդրության մեջ կատարելով համապատասխան փոփոխություններ (հոդված 10, 1-ին եւ 4-րդ կետեր): Ընդ որում, համաձայնագրի 10 հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ անհրաժեշտ փոփոխությունները պետք է իրականացվեն 2000 թ. հունվարի 1-ից ոչ ուշ:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվել է միանալ միջազգային մի շարք համաձայնագրերի՝ Շվեյցարական Դաշնային խորհրդի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը դրանցում ամրագրված սկզբունքներին համապատասխան ապահովելու համար:

Համաձայնագրի դրույթների իրականացումը վերահսկելու նպատակով Կողմերը պայմանավորվել են ստեղծել համատեղ հանձնաժողով՝ նախատեսելով վերջինիս ստեղծման կարգն ու գործառույթները:

Համաձայնագիրը կնքված է հինգ տարի ժամկետով: Նախատեսված են այդ ժամկետը երկարաձգելու պայմանները:

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67 հոդվածի պահանջներով, ուսումնասիրելով առեւտրատնտեսական ոլորտում կնքված նախորդ համաձայնագրերի կատարման ձեւավորված իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանը նաեւ պարզեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստորագրվել են առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագրեր՝ ավելի քան 40 պետությունների հետ, այդ թվում ԱՊՀ անդամ պետությունների հետ՝ ազատ առեւտրի գոտու ստեղծման, Եվրոպական միության անդամ պետությունների հետ՝ գործընկերության եւ համագործակցության, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ առեւտրի վերաբերյալ:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Շվեյցարական Դաշնային խորհրդի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության մասին 1998 թվականի նոյեմբերի 19-ին Բեռնում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

8 հոկտեմբերի 1999 թվականի
ՍԴՈ - 175

print page Տպել էջը