ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 1999 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 122 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԿԵՏԵՐԻ, 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 18 ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 16 հոկտեմբերի 1999 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Վ. Նազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 55 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Ազգային ժողովի կողմից 1996 թվականի հունիսի 30-ին ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի 2-րդ մասի, 1999 թվականի փետրվարի 5-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2 հոդվածի 1-ին կետի եւ 122 հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերի, 1999 թվականի մարտի 3-ին ընդունված «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 8-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դ. Հարությունյանի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչ Վ. Նազարյանի բացատրությունները, հետազոտելով «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ..

1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 1996 թվականի հունիսի 30-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է 1996 թվականի հուլիսի 22-ին, պաշտոնապես հրապարակվել է, ուժի մեջ է մտել 1996 թվականի նոյեմբերի 10-ից։

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքն ընդունվել է 1999 թվականի փետրվարի 5-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է 1999 թվականի փետրվարի 17-ին, պաշտոնապես հրապարակվել է, ուժի մեջ է մտել 1999 թվականի փետրվարի 28-ից։

«Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 1999 թվականի մարտի 3-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է 1999 թվականի մարտի 27-ին, պաշտոնապես հրապարակվել է, ուժի մեջ է մտել 1999 թվականի ապրիլի 11-ից։

Հայաստանի Հանրապետության Նախագահը, ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգով, նշված օրենքների վերաբերյալ առարկություններ կամ առաջարկություններ չի ունեցել։

2. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վիճարկվող 3 հոդվածի 2-րդ մասում ասվում է, որ՝ «Տեղական ինքնակառավարման մարմիններն ընտրվում են համայնքի անդամների կողմից։ Համայնքի անդամ է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը մշտապես բնակվում է տվյալ համայնքում, կամ վերջին 3 տարում անընդմեջ ընդգրկված է համայնքում հարկեր, տեղական տուրքեր եւ վճարներ մուծողների ցուցակում»։

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2 հոդվածի վիճարկվող 1-ին կետը սահմանում է, որ՝ «Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»։

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 122 հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Համայնքի ղեկավար կարող է ընտրվել 25 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին մեկ տարվա հաշվառում ունեցող՝ Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի», իսկ օրենսգրքի 122 հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Ավագանու անդամ կարող է ընտրվել 21 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին մեկ տարվա հաշվառում ունեցող՝ Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի»։

«Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի վիճարկվող 8-րդ մասը սահմանում է, որ՝ «Փախստականը Հայաստանի Հանրապետությունում չունի ընտրական իրավունք, չի կարող անդամագրվել Հայաստանի Հանրապետության որեւէ կուսակցության, չի կարող ընտրվել կամ նշանակվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանափակված պաշտոններում»։

3. Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրության համաձայն քննության առարկա օրենքների նշված հոդվածների դրույթները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, որովհետեւ փախստականներին զրկում են մասնակցելու համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։

4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչ Վ. Նազարյանի կարծիքով դիմումատուն հստակ չի սահմանազատել միայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում փախըստականների մասնակցության իրավունքի սահմանադրականության որոշման հարցը եւ առաջ է քաշել նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքի 2 հոդվածի 1-ին կետի, ինչպես նաեւ «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 8-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը՝ ընդհանրապես։

Բացի դրանից, պատասխանող կողմը գտնում է նաեւ, որ ոչ-քաղաքացիների ընտրական իրավունքի հարցը՝ տեղական ինքնակառավարման մարմինները ձեւավորելիս, նույնպես պետք է քննության առնել ՀՀ Սահմանադրության 2, 3 եւ 27 հոդվածների պահանջներից ելնելով։

Միաժամանակ, պատասխանող կողմը գտնում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորմանը փախստականների կամ բռնագաղթվածների մասնակցության հարցի լուծումն օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունի։

5. Հայաստանի Հանրապետությունում բնակվում են ավելի քան 300 հազար բռնագաղթվածներ։ Նրանք Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն են հաստատել հիմնականում 1988-1991 թվականների ընթացքում՝ մինչեւ նախկին ԽՍՀՄ փլուզումը, տեղահանվել են Ադրբեջանական ԽՍՀ-ից, «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 9 եւ 10 հոդվածների հիմքերով ձեռք չեն բերել ՀՀ քաղաքացիություն, ունեն կամ ցանկանում են ձեռք բերել փախստականի կարգավիճակ։

Բացի Երեւան քաղաքից, ՀՀ մարզերի 918 համայնքներից 396-ում բնակվում են փախստականներ։ Ընտրական տարիքի բնակչության մեջ մինչեւ 10 տոկոսը փախստականներ են 253 համայնքում, 10-30 տոկոսը՝ 51 համայնքում, 30-50 տոկոսը՝ 21 համայնքում, 50-75 տոկոսը՝ 35 համայնքում, 75-90 տոկոսը՝ 21 համայնքում, 90 տոկոսից բարձր՝ 15 համայնքում։

Նրանք, մինչեւ 1995թ. ՀՀ Սահմանադրության ընդունումը, մասնակցել են պատգամավորների տեղական խորհուրդների ընտրություններին, ՀՀ Գերագույն խորհրդի ընտրություններին, ՀՀ անկախության հանրաքվեին, ՀՀ նախագահական ընտրություններին, ՀՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեին։ 1991 թվականից նրանք մասնակցել են նաեւ հողի սեփականաշնորհման գործընթացին։

ՀՀ Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո, 1996թ. նոյեմբերին անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց մասնակցել են նաեւ փախստականներ։ Ավելին, շարունակում են մինչ օրս իրենց լիազորությունները կատարել փախստականներից ընտրված համայնքի ղեկավարներն ու ավագանու անդամները։

1999թ. փետրվարին ուժի մեջ մտած նոր ընտրական օրենսգիրքը բոլոր մակարդակներում ընտրական իրավունք միանշանակ վերապահեց միայն ՀՀ քաղաքացիներին։

1999թ. մարտին ընդունվել է նաեւ «Փախստականների մասին» ՀՀ օրենքը, որի հոդված 2-ով օրենքի գործողությունը տարածվել է օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող այն անձանց վրա, ովքեր, գտնվելով Հայաստանի Հանրապետությունում, տվյալ օրենքով սահմանված կարգով դիմել կամ մտադիր են դիմել լիազորված մարմնին՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար, կամ արդեն իսկ ձեռք են բերել փախստականի կարգավիճակ, կամ ստացել են մերժում։

Նշված օրենքի 18 հոդվածը, սահմանելով փախստականի իրավունքները եւ պարտականությունները, մասնավորապես նախատեսում է, որ փախստականն ունի նաեւ ազատ տեղաշարժվելու եւ սահմանված կարգով բնակավայր ընտրելու, սեփականության, աշխատանքի եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելու եւ այլ իրավունքներ, պարտավոր է վճարել հարկեր, տուրքեր, կատարել այլ պարտադիր վճարումներ, պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները։ Նույն հոդվածով, ինչպես նշվեց, սահմանված է նաեւ, որ փախստականը Հայաստանի Հանրապետությունում չունի ընտրական իրավունք։

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունը 1993թ. ապրիլին միացել է «Փախստականների կարգավիճակի մասին» 1951թ. ընդունված եւ 1954թ. ապրիլից գործող ՄԱԿ-ի կոնվենցիային, որի հոդված 7-ի 3-րդ կետում ասվում է, որ յուրաքանչյուր պայմանավորվող պետություն այսուհետեւ եւս փախստականներին կտրամադրի այնպիսի իրավունքներ ու առավելություններ, որոնց նկատմամբ նրանք իրավունք ունեին տվյալ երկրի առնչությամբ սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ։

6. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հստակ տարանջատում է «տեղական ինքնակառավարում» եւ «պետական կառավարում» հասկացությունները։ Սահմանադրության 105 հոդվածում ամրագրված է, որ՝ «Համայնքներում իրականացվում է տեղական ինքնակառավարում», իսկ 107 հոդվածում՝ «Մարզերում իրականացվում է պետական կառավարում»։ Բացի դրանից, Սահմանադրության հոդված 2-ում սահմանված է, որ՝ «Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»։ Նման ձեւակերպումը հստակ սահմանազատում է իշխանության իրականացման գործառնական եւ ինստիտուցիոնալ տարբեր համակարգերը։ Պետությունը, ճանաչելով տեղական ինքնակառավարումը՝ որպես ժողովրդաիշխանության հատուկ մակարդակ, երաշխավորում է համայնքի իրավունքը՝ ինքնուրույն եւ իր պատասխանատվությամբ, տեղական ինքնակառավարման ընտրովի մարմինների միջոցով տնօրինելու համայնքի սեփականությունը, լուծելու համայնքային նշանակության հարցերը։

Այս մոտեցումը զարգացվել է ՀՀ քաղաքացիական նոր օրենսգրքում։ Վերջինիս 128-130 հոդվածներում Հայաստանի Հանրապետությունը եւ համայնքները ճանաչվել են որպես քաղաքացիական իրավունքի առանձին, ինքնուրույն եւ հավասար սուբյեկտներ։ Նույն օրենսգրքի 166, 168 եւ 169 հոդվածներով Հայաստանի Հանրապետությունը եւ համայնքները ճանաչվել են նաեւ որպես սեփականության իրավունքի առանձին եւ ինքնուրույն սուբյեկտներ, սահմանվել է դրանց սեփականության իրավունքը։

7. ՀՀ Սահմանադրության 105 հոդվածում ամրագրված է, որ՝ «Համայնքի սեփականությունը տնօրինելու, համայնքային նշանակության հարցերը լուծելու համար երեք տարի ժամկետով ընտրվում են տեղական ինքնակառավարման մարմիններ...»։ Բացի դրանից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տեղական ինքնակառավարում հասկացության վերլուծությունը վկայում է, որ վերջինս ներկայացվում է որպես «... բնակչության բարեկեցության բարելավման նպատակով սեփական պատասխանատվությամբ գործող տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի սեփականությունը տնօրինելու եւ համայնքային նշանակության հարցերը լուծելու իրավունք ու կարողություն» («Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք, հոդված 3)։

Հայաստանի Հանրապետությունում համայնքային սեփականության գույքի ցանկը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 59 հոդվածի հիման վրա սահմանվել է ՀՀ կառավարության 14.03.1997թ. թիվ 51 որոշմամբ։ Կառավարության սույն որոշումով գույքի ցանկը սահմանվել է յուրաքանչյուր կոնկրետ համայնքի համար, այդ թվում՝ նրանց, որոնք 100 տոկոսով բնակեցված են 1988-1991 թվականներից Հայաստանում մշտապես բնակվող, սակայն ՀՀ քաղաքացիություն չունեցող բռնագաղթվածներով։

Համայնքային սեփականության գույքի ցանկերը որոշվել են նաեւ 71 այնպիսի համայնքների համար, որտեղ ընտրական տարիքի բնակչության կեսից ավելին շուրջ 10 տարի Հայաստանում բնակվող, սակայն ՀՀ քաղաքացիություն չունեցող բռնագաղթվածներ են։

Ակնհայտ է, որ եթե վերջիններս չեն մասնակցում ժողովրդավարական սկզբունքներով տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորմանը, ապա նրանք, ըստ էության, օտարվում են իրենց հայեցողությամբ սեփականության տիրապետման, օգտագործման եւ տնօրինման իրավունքից (ՀՀ Սահմանադրություն, հոդվ. 8, մաս 2-րդ), ինչպես նաեւ համայնքին պատկանող գույքի «... ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունից» (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդվ. 163)։

8. Միջազգային պրակտիկան վկայում է, որ ոչ-քաղաքացիների ընտրական իրավունքի հարցում կա այն միտումը, որ տեղական ինքնակառավարման մակարդակում նման իրավունք վերապահվում է զգալի թվով երկրներում։ Օրինակ, եվրոպական երկրներում տեղական մակարդակում ընտրական իրավունք տրվում է թե Եվրոպական միության անդամ պետությունների եւ սկանդինավյան երկրների քաղաքացի հանդիսացող անձանց, եւ թե՝ տվյալ երկրում բնակվող այլ օտարերկրյա ռեզիդենտներին (տվյալ պետության քաղաքացի չհանդիսացող եւ այդ պետության տարածքում օրինական կարգով բնակվող անձ)։ Բնորոշն այն է, որ տեղական ինքնակառավարման ոլորտում ընտրական իրավունքը կապվում է բնակության ցենզի հետ։

Նման մոտեցումն իր արտացոլումն է գտել թե «Եվրամիության մասին» 1992թ. փետրվարին ստորագրված եւ 1995 թ. հունվարից ուժի մեջ մտած համաձայնագրում, եւ թե Տեղական մակարդակում հասարակական կյանքին օտարերկրացիների մասնակցության մասին եվրոպական կոնվենցիայում (05.02.1992թ.)։ Վերջինիս հոդված 6-ի 1-ին կետով սահմանված է տեղական մարմիններում օտարերկրացիների ակտիվ եւ պասիվ ընտրական իրավունքը՝ պայմանով, որ նրանք ունենան տվյալ երկրում 5 տարվա բնակություն, ինչպես նաեւ ստանձնեն իրավական այն պարտավորությունները, որոնք ունեն քաղաքացիները։

Եվրոպայի խորհրդի շրջանակներում՝ այս եւ տեղական ինքնակառավարմանը վերաբերող այլ նախաձեռնությունները նպատակ ունեն քայլ առ քայլ օտարերկրյա ռեզիդենտներին, հնարավորության սահմաններում, լիարժեք մասնակից դարձնել տեղական կյանքին եւ տեղերում որոշման կայացման գործընթացին: Այդ նպատակն իրականացնելու միջոցներից մեկն էլ հանդիսանում է տեղական ինքնակառավարման ընտրություններում բնակության հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին ընտրելու եւ ընտրվելու իրավունք տրամադրելը: Ի դեպ, Կոնվենցիայի հեղինակները բնակության ցենզի առնչությամբ տրամաբանական համարելով ավելի նվազ ժամկետի սահմանումը, քան 5 տարին է, նախատեսում են առանձին դրույթ, համաձայն որի՝ պայմանավորվող կողմը կարող է իր օրենսդրությամբ սահմանել ավելի պակաս ժամկետ:

Քանի որ խոսքը վերաբերում է տեղական իշխանություններին, Կոնվենցիան հաշվի է առնում նաեւ Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայում (15.10.1985թ.) ամրագրված սկզբունքները, մասնավորապես՝ հիմք ընդունելով, որ տեղական ինքնակառավարումը, իշխանության ապակենտրոնացումը ցանկացած ժողովրդավարական համակարգի կարեւոր հիմքերից են։ Խոսքը վերաբերում է տեղական ինքնակառավարման այնպիսի մարմինների կազմավորմանը, որոնք օժտված են որոշումներ ընդունելու իրավասությամբ, ձեւավորվում են ժողովրդավարական սկզբունքով, եւ որոնք իրենց իրավասության շրջանակներում ունեն մեծ ինքնուրույնություն, դրա իրացման հստակ կարգ ու անհրաժեշտ միջոցներ։

9. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ընտրական իրավունքին վերաբերող նորմերն ամրագրված են 2, 3, 27, 44, 50-53, 64, 110 հոդվածներում։ Սահմանադրական ընդհանուր մոտեցումը՝ տվյալ հարցի առումով, այն է, որ՝

ա) Սահմանադրության հոդված 2-ն ամրագրում է նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով իր իշխանությունն իրականացնելու ժողովրդի իրավունքը,

բ) սահմանազատելով «տեղական ինքնակառավարում» եւ «պետական կառավարում» հասկացությունները (հոդվ. 105, 107), պետության կառավարմանը մասնակցելու իրավունքը վերապահվում է Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիներին (հոդվ. 27),

գ) տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման նպատակն է համարվում համայնքի սեփականության տնօրինումն ու համայնքային նշանակության հարցերի լուծումը (հոդվ. 105)։ Միաժամանակ, նախատեսվում են՝ սեփականատիրոջ իրավունքը՝ սեփականության տիրապետման, օգտագործման եւ տնօրինման հարցում (հոդվ. 8), ինչպես նաեւ սեփականության օտարման սահմանադրական երաշխիքները (հոդվ. 28),

դ) որեւէ ուղղակի սահմանափակում չի դրվում տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման եւ ինքնակառավարման գործառույթի իրականացմանը տվյալ համայնքում մշտական բնակվող՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մասնակցության հարցում։

10. ՀՀ Սահմանադրությամբ ընտրական իրավունքի սահմանափակման պայման է նախատեսվում բնակության ցենզը՝ ՀՀ Նախագահի թեկնածուի համար՝ 10 տարի (հոդվ. 50), պատգամավորների համար՝ 5 տարի (հոդվ. 64)։ Մինչդեռ, ՀՀ ընտրական օրենսգրքի 122 հոդվածով մտցվել է ընտրական իրավունքի սահմանափակման նոր հասկացություն՝ «հաշվառում», որն էապես տարբերվում է «բնակություն» հասկացությունից, սահմանադրական ոչ մի դրույթով ամրագրված չէ եւ չի բխում նաեւ Սահմանադրության 44-45 հոդվածների բովանդակությունից։ Բացի դրանից, տարբեր օրենքներում նույն երեւույթը տարակերպ է բնորոշվել («Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի երկրորդ մաս, ՀՀ ընտրական օրենսգրքի 122 հոդվածի 1-ին կետ)։

11. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առնչությամբ օրենսդրական դաշտում տեղ են գտել տարաբնույթ ու հակասական լուծումներ։ Մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի հոդված 2-ի 3-րդ կետով սահմանվում է, որ՝ «Քաղաքացիների ընտրական իրավունքը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ սույն օրենքով»։ Միաժամանակ, շարունակում են գործել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հոդված 3-ը, «Փախըստականների մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 8-րդ մասը։

12. ՀՀ Սահմանադրությունը, ուղղակիորեն ամրագրելով իրենց ներկայացուցիչների միջոցով պետության կառավարմանը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիների մասնակցության իրավունքը եւ դրա սահմանափակման հնարավորությունները, միաժամանակ չի բացառում որոշակի կարգավիճակ ունեցող, Հայաստանում օրինական կարգով մշտապես բնակվող, ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց (փախստականներին կամ բռնագաղթվածներին) տեղական ինքնակառավարման մակարդակում ընտրական իրավունքով օժտելու հնարավորությունը։ Ավելին, Սահմանադրության 2, 8, 43, 105 հոդվածների պահանջների լիարժեք իրացումը ենթադրում է Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատած փախստականներին օրենսդրորեն նման իրավունքի վերապահում։

Դիմումում նշված օրենքների ուսումնասիրությունը վկայում է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հոդված 3-ի երկրորդ մասի, ՀՀ ընտրական օրենսգրքի հոդված 2-ի 1-ին կետի, հոդված 122-ի 1-ին եւ 2-րդ կետերի, «Փախստականների մասին» ՀՀ օրենքի հոդված 18-ի ութերորդ մասի՝ Հայաստանում մշտական բնակություն հաստատած փախստականների՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրական իրավունքը բացառող դրույթներն անհնարին են դարձնում ժողովրդավարական սկզբունքներով համայնքի սեփականությունը տնօրինելու եւ համայնքային նշանակության հարցերը լուծելու գործին տվյալ համայնքում մշտական հիմունքներով շուրջ 10 տարի բնակվող, առանձին դեպքերում համայնքի ամբողջ բնակչությունը կազմող փախստականների (բռնագաղթվածների) օրինական մասնակցությունը։

Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 110 հոդվածով սահմանված է, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության կարգը, լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով»։ Օրենսդիրին վերապահելով «ընտրության կարգը» սահմանելու իրավասությունը, Սահմանադրության ընդհանուր պահանջը նաեւ այն է, որ այն իրականացվի ՀՀ սահմանադրական կարգի հիմունքներին, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, եւ ՀՀ Ազգային ժողովի իրավասությունն է սահմանելու այդ իրավունքի իրացման կարգն ու պայմանները, մասնավորապես՝ հստակեցնելով մոտեցումը բնակության ցենզի վերաբերյալ։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1 կետով, 55, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. ՀՀ ընտրական օրենսգրքի 2 հոդվածի 1-ին կետի դրույթը՝այն իմաստով, որ պետության կառավարմանը (ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին, համապետական հանրաքվեներին) մասնակցելու իրավունքը վերապահում է միայն Հայաստանի Հանրապետության տասնութ տարին լրացած քաղաքացիներին, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 8-րդ մասի դրույթները, այնքանով որքանով վերաբերվում են փախստականների իրավունքի սահմանափակմանը՝ մասնակցելու պետության կառավարմանը (ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին, համապետական հանրաքվեներին), համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

3. Հայաստանում օրինական կարգով մշտական բնակություն հաստատած փախստականների՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը մասնակցելու իրավունքը բացառող՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 2-րդ մասի, ՀՀ ընտրական օրենսգրքի 2 հոդվածի 1-ին կետի, 122 հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերի, «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 8-րդ մասի դրույթները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2, 4, 8, 27, 105 հոդվածների պահանջներին։

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

16 հոկտեմբերի 1999 թվականի
ՍԴՈ - 179

print page Տպել էջը