ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 30 օգոստոսի 1996 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի, մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Լ. Բարխուդարյանի, դատարանի կողմից հրավիրվածներ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Մ. Ալեքսանյանի, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետ Պ. Սաֆարյանի, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով եւ 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով եւ 56 հոդվածով, դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ 1996 թվականի մայիսի 14-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։
Լսելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Լ. Բարխուդարյանի միջնորդությունը եւ Պ. Սաֆարյանի պարզաբանումները, հետազոտելով համաձայնագրի բովանդակությունը, ներկայացված տեղեկանքը եւ գործով առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ համաձայնագիրն ստորագրվել է 1996 թվականի մայիսի 14-ին Երեւանում։ Այն կոչված է բացառելու երկու պետությունների իրավաբանական եւ ֆիզիկական անձանց եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը, կանխելու հարկումից խուսափելը՝ տնտեսական երկկողմ հարաբերություններն առավելագույնս զարգացնելու նպատակով։
Համաձայնագրի 6-21, 23 հոդվածներով նախատեսված են հարկման օբյեկտները եւ կրկնակի հարկումը բացառող պայմանները։ Համաձայնագրով նախատեսված են հարկային օրենսդրության, դրանում կատարված փոփոխությունների վերաբերյալ Կողմերի միջեւ տեղեկության ընթացիկ փոխանակում, ինչպես նաեւ համաձայնագրի կատարումն ապահովող փոխհամաձայնեցված այլ գործողություններ։ Սահմանված են համաձայնագրի ուժի մեջ մտնելու եւ գործողությունը դադարելու պայմանները։ Կողմերի միջեւ 1996 թվականի մայիսի 14-ին ստորագրված է արձանագրություն, որը համաձայնագրի բաղկացուցիչ մասն է։ Արձանագրությամբ որոշարկված են տերմինաբանական եւ մի շարք հոդվածների կիրարկման առանձնահատկությունների հետ կապված հարցեր։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաս-տանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ 1996 թվականի մայիսի 14-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
30 օգոստոսի 1996 թվականի
ՍԴՈ-18