ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ՅՈՒՆԻՍԵՖ) ՄԻՋԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 16 հոկտեմբերի1999 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վ. Օսկանյանի, հրավիրված՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) միջեւ հիմնական համագործակցության համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Օսկանյանի բացատրությունները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) միջեւ 1998 թվականի օգոստոսի 4-ին Երեւանում ստորագրված հիմնական համագործակցության համաձայնագրի նպատակն է երեխաների պաշտպանության, զարգացման, կարիքների բավարարման հայաստանյան ծրագրերում ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցության պայմանների սահմանումը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործառնությունների գլխավոր ծրագրի մաս կազմող համագործակցության ծրագրերի իրականացմանը կմասնակցի ֆինանսական օժանդակության, նյութական միջոցների տրամադրման, երեխաների ուսուցման կազմակերպման եւ խորհրդատվության միջոցով։

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնատար անձանց, հանձնակատար փորձագետներին եւ այդ կազմակերպության համար ծառայություններ մատուցող անձանց թույլատրել հետեւելու եւ վերահսկելու համագործակցության ծրագրերի բոլոր փուլերն ու բնագավառները, ՅՈՒՆԻՍԵՖ-ին ներկայացնել համագործակցության ծրագրերի իրականացման վերաբերյալ հաղորդումներ եւ ֆինանսական հաշվետվություններ։

Համաձայնագրում նախատեսվում է ստեղծել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակ՝ համաձայնագրով սահմանված կարգով։

Համագործակցության ծրագրերի համար նախատեսված ներմուծվող միջոցները, սարքավորումները եւ մյուս նյութերը, ինչպես նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հիմնական միջոցները, եկամուտները եւ գույքն ազատվում են բոլոր տեսակի հարկումներից։

Համաձայնագրով սահմանվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի, պաշտոնատար անձանց, հանձնակատար փորձագետների իրավական կարգավիճակը, որոնց տրամադրվում են 1946 թվականի փետրվարի 13-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Արտոնությունների եւ անձեռնմխելիության վերաբերյալ կոնվենցիայով սահմանված արտոնություններն ու անձեռնմխելիությունը։

Համաձայնագրով նախատեսվում է համաձայնագրի մեկնաբանման եւ կիրառման ժամանակ ծագող վեճերի լուծման, համաձայնագրում փոփոխություններ կատարելու եւ համաձայնագրի գործողության դադարեցման կարգը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) միջեւ հիմնական համագործակցության համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

16 հոկտեմբերի 20 օգոստոսի 1999 թվականի
ՍԴՈ - 180

print page Տպել էջը