ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի «ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 25 հոկտեմբերի 1999 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Հ. Գեւորգյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21(1) հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1994 թվականի ապրիլի 15-ի «Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին» համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին 1999 թվականի ապրիլի 2-ին Մոսկվայում ստորագրված արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել 1999 թվականի հոկտեմբերի 6-ին սահմանադրական դատարանում մուտքագրված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը:

Ուսումնասիրելով գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Գեւորգյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1994 թվականի ապրիլի 15-ի «Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին» համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին արձանագրությունն ստորագրվել է 1999 թվականի ապրիլի 2-ին Մոսկվայում՝ համաձայնագրի դրույթների զարգացման եւ խորացման, ազատ առեւտրի գոտու կազմավորման գործընթացների արագացման նպատակով:

Փոփոխությունների եւ լրացումների ենթակա համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 1998 թվականի փետրվարի 17-ի թիվ 88 որոշմամբ ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, եւ այն դեռեւս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից չի վավերացվել:

Արձանագրությունով «Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին» համաձայնագիրը լրացվել է մի շարք նոր դրույթներով, որոնք վերաբերում են՝

1) Պայմանավորվող կողմերի գործողությունները համակարգող մարմնի ստեղծմանը,

2) անուղղակի հարկերի կիրառման կարգին,

3) հատուկ առեւտրային միջոցների կիրառմանը,

4) ձեռնարկատիրական գործունեության մեջ ազատ եւ հավասար մրցակցությունը խոչընդոտող գործողությունների բացառմանը,

5) պետական գնումների ազգային շուկաների ազատականացման համար պայմանների ստեղծմանը:

Մի շարք հոդվածներում կատարված փոփոխությունները հիմնականում հստակեցնում եւ ճշգրտում են համաձայնագրի առանձին դրույթներ:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1994 թվականի ապրիլի 15-ի «Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին» համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին 1999 թվականի ապրիլի 2-ին Մոսկվայում ստորագրված արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

25 հոկտեմբերի 1999 թվականի
ՍԴՈ - 182

print page Տպել էջը