ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 25 հոկտեմբերի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար Ս. Այվազյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Հունաստանի Հանրապետության միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Այվազյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ..
Սույն կոնվենցիան ստորագրվել է 1999 թվականի մայիսի 12-ին՝ Երեւանում։ Կոնվենցիայի նպատակն է Հայաստանի Հանրապետության եւ Հունաստանի Հանրապետության միջեւ տնտեսական, գիտական, տեխնիկական եւ մշակութային համագործակցության խթանումը եւ ամրապնդումը։
Կոնվենցիայով սահմանվում են այն անձանց շրջանակը, ինչպես նաեւ եկամուտների եւ հարկերի այն տեսակները, որոնց վրա տարածվում են կոնվենցիայի դրույթները։
Կոնվենցիան պարունակում է նաեւ դրույթներ՝ վիճելի հարցերի լուծման կարգի, տեղեկատվության փոխանակման, հարկերի գանձման գործում միմյանց աջակցելու, կոնվենցիայի ուժի մեջ մտնելու, դրա գործողությունը դադարեցնելու վերաբերյալ։
Կոնվենցիան ստորագրվել է երկու բնօրինակով՝ հայերեն, հունարեն եւ անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են։ Մեկնաբանման ժամանակ տարաձայնության դեպքում գերակայում է անգլերեն տեքստը։
Կոնվենցիայի դրույթները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի նորմերին։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության եւ Հունաստանի Հանրապետության միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
25 հոկտեմբերի 1999 թվականի
ՍԴՈ - 183