ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ (ՋՐԱՅԻՆ ՍԵԿՏՈՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 25 հոկտեմբերի 1999 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Գ. Շահբազյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1999 թվականի հունիսի 16-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ Ճապոնական դրամաշնորհի (Ջրային սեկտորի զարգացման համար) համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան, մուտքագրված՝ 06. 10. 1999 թ.:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Շահբազյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի հունիսի 16-ին՝ Երեւանում: Դրամաշնորհի նպատակն է Հայաստանի Հանրապետությանն օգնել ոռոգման սեկտորի զարգացման նոր ծրագիր նախապատրաստելու համար: Դրամաշնորհը տրամադրված է իրականացնելու տեխնիկական հետազոտություններ եւ նախագծում, շրջակա միջավայրի գնահատում, ինստիտուցիոնալ վերլուծություն եւ այլն: Համաձայնագրի անբաժանելի մաս են կազմում համաձայնագրին կից հավելվածը եւ երկու լրացումները: Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է աշխատանքները կատարել սահմանված ժամկետներում եւ կարգով, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն եւ միջոցներ (սարքավորումներ, ծառայություններ եւ այլ ռեսուրսներ), Ընկերակցության ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռել դրամաշնորհին առնչվող հարցերով այցելել Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաեւ տրամադրել աշխատանքների արդյունքների եւ ծրագրի մասին հաշվետվություն: Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է նաեւ ներդնել ֆինանսական կառավարման համակարգ, վարել հաշիվներ եւ ֆինանսական հաշվետվություններ, հաշվեքննության ենթարկել յուրաքանչյուր տարվա ֆինանսական հաշվետվությունները եւ այլն:

Համաձայնագրով նախատեսվում է դրամաշնորհի միջոցներով ֆինանսավորվող ծախսերի շրջանակը:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1999 թվականի հունիսի 16-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ Ճապոնական դրամաշնորհի (Ջրային սեկտորի զարգացման համար) համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

25 հոկտեմբերի 1999 թվականի
ՍԴՈ - 184

print page Տպել էջը