ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ 1969 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 6 սեպտեմբերի 1996 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝
սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական
դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի
անդամներ Ա. Գյուլումյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ.
Սահակյանի, Մ. Սեւյանի, մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի
պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի
նախարարության իրավապայմանագրային վարչության պետ Շ. Ավագյանի, համաձայն
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի
1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի, դռնբաց նիստում քննեց
«Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թվականի մայիսի 23-ին
Վիեննայում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը
որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թվականի մայիսի 23-ին Վիեննայում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու վերաբերյալ։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Շ. Ավագյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիան ստորագրվել է 1969 թվականի մայիսի 23-ին Վիեննայում, որի բնօրինակի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն եւ ֆրանսերեն տեքստերը համազոր են։
Կոնվենցիան ենթակա է վավերացման։ Այն ուժի մեջ է մտել 1980 թվականի հունվարի 27-ին։
Ավելի քան 150 պետություններ կոնվենցիան վավերացրել են կամ միացել դրան։
Կոնվենցիային միանալու մասին փաստաթղթերը պահպանության են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։
Կոնվենցիան կիրառվում է պետությունների միջեւ կնքված պայմանագրերի նկատմամբ։ Կոնվենցիայի 6 հոդվածի համաձայն յուրաքանչյուր պետություն օժտված է պայմանագրեր կնքելու իրավունակությամբ։ Կոնվենցիայում սահմանվում է միջազգային պայմանագրի հասկացությունը՝ որպես պետության կողմից օտարերկրյա պետության (պետությունների) կամ միջազգային կազմակերպության միջեւ գրավոր տեսքով ստորագրված եւ միջազգային իրավունքով կարգավորվող միջազգային, միջպետական, միջկառավարական կամ միջգերատեսչական բնույթի համաձայնագիր, անկախ նրանից, թե այդ համաձայնագիրն արտահայտված է մեկ կամ մի քանի փոխկապակցված փաստաթղթերում, եւ անկախ դրա կոնկրետ անվանումից։
Կոնվենցիան նպատակ ունի կարգավորել պետությունների միջեւ գոյություն ունեցող միջազգային հարաբերությունները համագործակցության տարբեր բնագավառներում։ Կոնվենցիան պարտավորեցնում է պետություններին հարգել ազատ համաձայնության եւ պարտավորությունների բարեխիղճ կատարման «pacta sunt servanda» սկզբունքը եւ նպաստել դրա համընդհանուր ճանաչմանը, միջոցներ ձեռնարկել, որպեսզի պայմանագրերին վերաբերող բոլոր վեճերը, ինչպես նաեւ միջազգային մյուս վեճերը լուծվեն խաղաղ միջոցներով։
Կոնվենցիան կարգավորում է միջազգային պայմանագրերի կնքման եւ ուժի մեջ մտնելու, գործողության, վավերականության, դադարեցման, կասեցման եւ մյուս հարցերը։
Առաջարկվում է Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թվականի մայիսի 23-ին Վիեննայում ստորագրված կոնվենցիային միանալ վերապահումով, դրա 66 հոդվածի առնչությամբ նշելով, որ. «Հայաստանի Հանրապետությունն իրեն կապված չի համարում Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թվականի մայիսի 23-ին Վիեննայում ստորագրված կոնվենցիայի 66 հոդվածի դրույթներով եւ հայտարարում է, որ կոնվենցիայի 5-րդ բաժնի ցանկացած հոդվածի կիրառման կամ մեկնաբանման վերաբերյալ _Պայմանավորվող կողմերի միջեւ ցանկացած վեճը ՄԱԿ-ի Միջազգային դատարանի լուծմանը հանձնելու կամ հաշտարար հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու համար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհրաժեշտ է վեճի բոլոր մասնակիցների պարտադիր համաձայնությունը»։
Կոնվենցիան ունի հավելված, որը սահմանում է հաշտարար հանձնաժողովի ստեղծման եւ հաշտարար միջնորդների նշանակման կարգը։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաս-տանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թվականի մայիսի 23-ին Վիեննայում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
Գործում առկա առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության անունից վերապահում անել կոնվենցիայի 66 հոդվածի կապակցությամբ եւ ներկայացված վերապահումը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
6 սեպտեմբերի 1996 թվականի
ՍԴՈ-19