ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 10 դեկտեմբերի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ հրավիրված ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանի,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով եւ 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21(1) եւ 56 հոդվածներով,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Զինվորական կադրերի պատրաստման բնագավառում համագործակցության զարգացման մասին 1998 թվականի մարտի 6-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրված՝ 24. 11. 1999թ.):
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Հարությունյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Համաձայնագիրն ստորագրվել է 1998թ մարտի 6-ին՝ Մոսկվայում: Այն անհրաժեշտ իրավական պայմաններ է ստեղծում զինվորական կադրերի պատրաստման բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության համար: Համաձայնագիրն ուղղված է զինվորական կադրերի պատրաստման եւ որակավորման բարձրացման համակարգի կատարելագործմանը, Կողմերի ռազմաուսումնական հաստատություններում միմյանց կուրսանտների եւ ունկնդիրների պատրաստման համակարգմանը: Համաձայնագիրը նաեւ պայմաններ է ստեղծում ազգային ռազմաուսումնական հաստատությունների զարգացման եւ նորերի հիմնադրման բնագավառում փոխշահավետ համագործակցության համար:
Համաձայնագրով նախատեսվում է Կողմերի զինվորական կադրերի ուսուցման, նրանց իրավական կարգավիճակի, նյութական, ֆինանսական եւ բժշկական ապահովման կարգը:
Համաձայնագրով կարգավորվում են կադրերի պատրաստման եւ ուսուցման դիմաց վճարումների կատարման, թեկնածուների ընտրության, տրված ավարտական փաստաթղթերի եւ գիտական աստիճանների ու կոչումների փոխադարձ ճանաչման հարցերը:
Համաձայնագիրը կնքված է մեկ բնօրինակով՝ ռուսերեն լեզվով:
Համաձայնագիրը չեն ստորագրել Ադրբեջանը, Մոլդովան, Թուրքմենստանը, Ուզբեկստանը եւ Ուկրաինան: Համաձայնագիրը Վրաստանի կողմից ստորագրվել է վերապահումով, իսկ Ղազախստանի ու Հայաստանի կողմից՝ դիտողություններով եւ առաջարկություններով, որոնք, ինչպես նաեւ Պաշտպանության նախարարների խորհրդի առաջարկությունը հանդիսանում են սույն համաձայնագրի անքակտելի մասը:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Զինվորական կադրերի պատրաստման բնագավառում համագործակցության զարգացման մասին 1998 թվականի մարտի 6-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
10 դեկտեմբերի 1999 թվականի
ՍԴՈ - 190