ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՐԿԱԴԻՐ ԲՈՒԺՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 10 դեկտեմբերի 1999 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Նիկողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հարկադիր բուժում անցկացնելու համար հոգեկան խանգարումներով տառապող անձանց հանձնման մասին 1997 թվականի մարտի 28-ին Մոսկվայում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրված՝ 23.11.1999թ.):

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Նիկողոսյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հարկադիր բուժում անցկացնելու համար հոգեկան խանգարումներով տառապող անձանց հանձնման մասին կոնվենցիան ստորագրվել է 1997 թվականի մարտի 28-ին Մոսկվայում՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների կողմից: Ուկրաինայի կողմից կոնվենցիան ստորագրվել է վերապահումով: Սույն կոնվենցիան ստորագրվել է հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց հասարակության մեջ նորմալ կյանքի վերադարձնելու առումով պետությունների իրավական համագործակցությունն ապահովելու նպատակով:

Կոնվենցիայում նշված են հարկադիր բուժման նպատակով անձի հանձնման պայմանները:

Հարկադիր բուժման համար հանձնումն իրականացվում է երկու Պայմանավորվող կողմերի գրավոր դիմումների եւ դրանց կցված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

Անձի հանձնումը կատարվում է այնպես, որ նրա տեղափոխումը վատ չանդրադառնա նրա առողջության վրա, չհանգեցնի նրա փախուստի կամ նրա կողմից որեւէ վտանգավոր արարքի կատարման: Պայմանավորվող կողմերը պարտավորվում են նաեւ թույլատրել երրորդ Պայմանավորվող կողմին հանձնվող անձի տարանցիկ տեղափոխումն իրենց տարածքով:

Հանձնվող անձի նկատմամբ դատարանի որոշման վերանայումը մտնում է որոշումն ընդունած Պայմանավորվող կողմի իրավասությունների մեջ, իսկ հոգեկան վիճակի փոփոխությունից թելադրված բժշկական բնույթի հարկադիր միջոցների փոփոխման կամ վերացման մասին որոշումը կարող է ընդունել երկու Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի դատարանը:

Սույն կոնվենցիայի դրույթները կիրառվում են նաեւ այն անձանց նկատմամբ, որոնք հարկադիր բուժման են հանձնվել մինչեւ սույն կոնվենցիայի ուժի մեջ մտնելը:

Կոնվենցիան ուժի մեջ է մտնում անհրաժեշտ ներպետական արարողակարգերի կատարումից հետո ավանդապահին համապատասխան ծանուցում հանձնելու օրվանից:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաեւ, որ կոնվենցիայի հայերեն պաշտոնական օրինակը նույնական չէ ստորագրված ռուսերեն բնօրինակի հետ, այն ներկայացվել է էական աղավաղումներով (մասնավորապես, 2, 10, 14 հոդվածներ):

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հարկադիր բուժում անցկացնելու համար հոգեկան խանգարումներով տառապող անձանց հանձնման մասին 1997 թվականի մարտի 28-ին Մոսկվայում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

10 դեկտեմբերի 1999 թվականի
ՍԴՈ - 191

print page Տպել էջը