ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 14 դեկտեմբերի 1999 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Ե. Զախարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21(1) հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ուղեւորների եւ ուղեբեռի միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ե. Զախարյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ..

Սույն կոնվենցիան ստորագրվել է 1997 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Բիշկեկում։ Կոնվենցիայի նպատակն է համաձայնեցված գործողությունների իրականացումն ուղեւորների եւ ուղեբեռի միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ոլորտում։

Կոնվենցիան սահմանում է փոխադրումների պայմաններն ու կանոնները, փոխադրողների պատասխանատվությունը, բողոքների եւ հայցերի ներկայացման կարգը։

Կոնվենցիան տարածվում է, մասնավորապես, Կողմերի միջազգային հաղորդակցությունում ավտոբուսներով ուղեւորների եւ ուղեբեռի փոխադրումներ իրականացնող փոխադրողների վրա։

Ուղեւորների եւ ուղեբեռի միջազգային փոխադրումներ իրականացնելիս՝ փոխադրողը ղեկավարվում է ճանապարհային երթեւեկության, բնության պահպանության բնագավառում այն պետության օրենսդրությամբ, որի տարածքով կատարվում է փոխադրումը։

Կոնվենցիայի անբաժանելի մասն է հանդիսանում կից հավելվածը, որում սահմանվում են Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջազգային հաղորդակցությունում ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների եւ ուղեբեռի փոխադրումների կանոնները։

Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է.

- ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի իրավասու մարմինների միջոցով մշակել տոմսի, ուղեբեռային անդորրագրի եւ այլ փաստաթղթերի ընդհանուր ձեւեր, որոնք հաստատվում են այն պետության իրավասու մարմինների կողմից, որոնց տարածքով իրականացվում է փոխադրումը,

- հանձնարարել իրավասու մարմիններին պատրաստել արտոնագրերի փոխադարձ ճանաչման մասին փաստաթղթի նախագիծը,

- պատասխանատվություն կրել փոխադրման ժամանակ ուղեւորի առողջությանը կամ ուղեբեռին հասցված վնասի համար։

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն կոնվենցիայից՝ դուրս գալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Ուղեւորների եւ ուղեբեռի միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

14 դեկտեմբերի 1999 թվականի
ՍԴՈ - 193

print page Տպել էջը