ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 14 դեկտեմբերի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Գ. Վարդանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Վտանգավոր եւ այլ թափոնների անդրսահմանային տեղափոխման նկատմամբ հսկողության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Վարդանյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Վտանգավոր եւ այլ թափոնների անդրսահմանային տեղափոխման նկատմամբ հսկողության մասին համաձայնագիրն ստորագրվել է 1996 թ. ապրիլի 12-ին Մոսկվայում՝ բնակչության առողջության եւ շրջակա բնական միջավայրի պահպանության, ինչպես նաեւ վտանգավոր եւ այլ թափոնների անդրսահմանային տեղափոխումների նկատմամբ համակարգված հսկողություն իրականացնելու նպատակով:
Համաձայնագիրը կարգավորում է Կողմերի տարածքով վտանգավոր եւ այլ թափոնների ներմուծման եւ արտահանման հսկողության, վտանգավոր եւ այլ թափոնների էկոլոգիապես անվտանգ անդրսահմանային փոխադրումների ապահովման եւ դրանց փոխադրման համար պատասխանատու իրավասու մարմինների միջեւ փոխհարաբերությունների հաստատման, վտանգավոր եւ այլ թափոնների տեղափոխման ընթացքում առաջացած վթարների հետեւանքների վերացման, սակավաթափոն տեխնոլոգիաների մշակման եւ ներդրման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման եւ այլ հարցեր:
Համաձայնագրով նախատեսվում է վտանգավոր եւ այլ թափոնների անդրսահմանային տեղափոխումների ընթացքում տեղի ունեցած վթարներից շրջակա բնական միջավայրին եւ բնակչության առողջությանը հասցված վնասի հատուցման եւ այդ թափոնների տեղափոխումների՝ ապահովագրությամբ կամ այլ երաշխիքով ապահովման կարգը:
Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում դրան կից երկու հավելվածները, որոնցում սահմանվում են վտանգավոր թափոնների հիմնական խմբերն ու վտանգավոր հատկությունների ցանկը:
Հայաստանի Հանրապետությունը համաձայնագրի վերաբերյալ վերապահում է արել, համաձայն որի այն իր համար ուժի մեջ կմտնի վավերացումից հետո:
Համաձայնագիրը կատարված է մեկ բնօրինակով՝ ռուսերեն:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Վտանգավոր եւ այլ թափոնների անդրսահմանային տեղափոխման նկատմամբ հսկողության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
14 դեկտեմբերի 1999 թվականի
ՍԴՈ - 195