ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԻՆ ՀԵՏԱԳԱ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 21 դեկտեմբերի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Ազատազրկման դատապարտվածներին հետագա պատիժը կրելու համար հանձնման մասին 1998 թվականի մարտի 6-ին Մոսկվայում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Քննության առարկա կոնվենցիան Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կողմից ստորագրվել է 1998 թվականի մարտի 6-ին՝ Մոսկվայում: Կոնվենցիայի նպատակն է ազատազրկման դատապարտվածների պատժի կրումը կազմակերպել այն պետությունում, որի քաղաքացի կամ նրա տարածքում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձ է հանդիսանում դատապարտյալը:
Կոնվենցիայով սահմանվում են ազատազրկման դատապարտված քաղաքացիներին՝ իրենց քաղաքացիության պետությանը, իսկ քաղաքացիություն չունեցող անձանց՝ իրենց մշտական բնակության պետությանը՝ պատիժը կրելու համար հանձնելու պայմանները, այդ մասին միջնորդությամբ դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, հանձնման կարգը, ինչպես նաեւ հանձնումը մերժելու հիմքերը:
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որին պատիժը կրելու համար հանձնվում է ազատազրկման դատապարտված անձը, պարտավորվում է ապահովել պատժի շարունակությունը՝ չծանրացնելով դատապարտյալի վիճակը, ընդ որում, «Եթե դատավճռի կատարման պետության օրենսդրությամբ տվյալ արարքի համար ազատազրկման առավելագույն ժամկետը փոքր է, քան դատավճռով նշանակվածը, դատարանը որոշում է այդ պետության օրենսդրությամբ նախատեսված ազատազրկման առավելագույն ժամկետը:» (կոնվենցիա, հոդված 12 ):
Կոնվենցիան բացառում է պատիժը կրելու համար դատավճռի կատարման պետությանը հանձնված դատապարտյալին միեւնույն արարքի համար կրկին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը (հոդված 14):
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 40 հոդվածի երրորդ մասով սահմանված՝ դատապարտյալի ներման խնդրանքի իրավունքի իրականացման երաշխիք է կոնվենցիայի 15 հոդվածի երկրորդ մասը, որին համապատասխան պատիժը կրելու համար հանձնված դատապարտյալների նկատմամբ ներման եւ համաներման ակտեր կարող են կիրառել ինչպես դատավճռի կայացման, այնպես էլ դատավճռի կատարման պետությունները։ Կոնվենցիայի նույն հոդվածի երրորդ մասում ամրագրված դրույթը՝ այն մասին, որ դատավճռի կատարման համար հանձնված դատապարտյալի վերաբերյալ դատավճիռը կարող է վերանայվել միայն դատավճռի կայացման պետության իրավասու դատարանի կողմից, բխում է պետության ինքնիշխանության սահմանադրական սկզբունքից (Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1 հոդված) եւ, միաժամանակ, դատապարտյալի՝ դատավճռի վերանայման հանրաճանաչ իրավունքի (Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 40 հոդված ու Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14 հոդված) պաշտպանության երաշխիք է։
Կոնվենցիայի դրույթները կիրառելի են նաեւ մինչեւ դրա ուժի մեջ մտնելը դատապարտված անձանց նկատմամբ:
Համաձայն կոնվենցիայի՝ դատապարտյալի հանձնման հետ կապված ծախսերն իր տարածքի սահմաններում կրում է դատավճռի կայացման պետությունը, իսկ տարանցիկ փոխադրման հետ կապված ծախսերը՝ այդպիսի փոխադրման համար միջնորդությամբ դիմած Պայմանավորվող կողմը:
Կոնվենցիան ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Պայմանավորվող կողմերի՝ ավանդապահին երրորդ ծանուցագրի հանձնման օրվանից եւ գործում է այդ օրվանից հինգ տարվա ընթացքում: Նախատեսված է նաեւ կոնվենցիայի գործողության ժամկետի երկարաձգման եւ կոնվենցիայից դուրս գալու կարգը:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Ազատազրկման դատապարտվածներին հետագա պատիժը կրելու համար հանձնման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
21 դեկտեմբերի 1999 թվականի
ՍԴՈ - 198