ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ ԿՆՔՎԱԾ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երեւան, 13 մարտի 1996թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ սահմանադրական դատարան դիմում ներկայացրած Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վ. Ավանեսյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով եւ 101 հոդվածի 1-ին կետով, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով, 25 հոդվածի 1-ին կետով եւ 56 հոդվածով,

դռնբաց նիստում քննեց "Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 1996 թ. մարտի 4-ին կնքված կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության մասին" գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ կնքված կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու վերաբերյալ։

Լսելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի զեկուցումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Ավանեսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագրի բովանդակությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային համաձայնագիրը կնքվել է 1996 թվականի մարտի 4-ին, Վաշինգտոնում՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ։

Նշված համաձայնագրի հիման վրա Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրել է 2,6 միլիոն փոխառության հատուկ իրավունքներին համարժեք վարկ, որը ներկայումս կազմում է մոտ 3,8 միլիոն ԱՄՆ-ի դոլար։

Վարկը տրամադրված է 35 տարի ժամկետով՝ 1996-2030 թթ.։ Վարկը անտոկոս է, տասը տարի արտոնյալ ժամկետով, մարումը սկսվելու է 2006 թվականից։

Վարկի մարման ժամկետները նախատեսված են առաջին տասը տարում՝ 2006-2015 թթ. տարեկան 1,25 տոկոսի չափով, 2015-2030 թթ.՝ 2,5 տոկոսի չափով։

Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկը, նպատակ ունենալով խթանել տնտեսական բարեփոխումները, Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է որոշակի պայմաններով, որոնք շարադրված են համաձայնագրին կից չորս ժամանակացույցերում։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածով, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով, 67 եւ 68 հոդվածներով, սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 1996 թ. մարտի 4-ին կնքված կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

13 մարտի 1996 թվականի
ՍԴՈ-2

print page Տպել էջը