ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐԿԿՈՂՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ԱԹԵՆՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 24 դեկտեմբերի 1999 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Հունաստանի Հանրապետության միջեւ երկկողմ տեխնիկական աջակցության ծրագրի մասին 1999 թվականի հոկտեմբերի 7-ին Աթենքում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան (մուտքագրված՝ 14.12.1999 թ.)։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Սույն համաձայնագիրն ստորագրվել է երկու երկրների միջեւ տեխնիկական համագործակցությունը զարգացնելու նպատակով։

Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են իրականացնել երկկողմ տեխնիկական համագործակցության կարճաժամկետ աջակցության ծրագիր, որը ֆինանսավորվելու է Հունաստանի Հանրապետության կողմից։

Ծրագիրը ներառում է Հայաստանի Հանրապետության մի շարք նախարարությունների, փոքր եւ միջին ձեռնարկություններին գործարար ծառայություններ տրամադրող պետական եւ ոչ պետական ձեռնարկությունների եւ հասարակական կազմակերպությունների ինստիտուցիոնալ ամրապնդումն ու զարգացումը, ինչպես նաեւ տեխնիկական աջակցությունը սեփականաշնորհման գործընթացին, արտահանման, զբոսաշրջիկության, կոնկրետ մասնավոր ներդրումային ծրագրերի խթանմանը։

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է նաեւ հետեւյալ պարտավորությունները.

- ակտիվորեն խթանել ծրագրի լրացուցիչ համաֆինանսավորումը՝ իրականացնող եւ ընդունող գործընկերների, ինչպես նաեւ այլ բազմակողմ եւ միջազգային դոնորների կողմից,

- որոշարկել ծրագրի իրականացման համար առաջնահերթ ոլորտները եւ տեղեկացնել Հունաստանի Հանրապետության կառավարությանը,

- համատեղ աշխատել շրջանակային համաձայնագիր նախապատրաստելու ուղղությամբ։

Համաձայնագրով սահմանվում է նաեւ դրա դրույթների մեկնաբանման կամ կիրարկման ժամանակ ծագող տարաձայնությունների լուծման, դրանում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, համաձայնագրի ուժի մեջ մտնելու և դրա գործողությունը վաղաժամ դադարեցնելու կարգը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Հունաստանի Հանրապե-տության միջեւ երկկողմ տեխնիկական աջակցության ծրագրի մասին 1999 թվականի հոկտեմբերի 7-ին Աթենքում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

24 դեկտեմբերի 1999 թվականի
ՍԴՈ - 200

print page Տպել էջը