ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

«1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ» 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 7 հունվարի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով եւ 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21 եւ 56 հոդվածներով,

դռնբաց նիստում քննեց «1993 թվականի հունվարի 22-ի Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին կոնվենցիայի» 1997 թվականի մարտի 28-ին Մոսկվայում ստորագրված արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրված՝ 13.12.1999թ.):

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Արձանագրությունն ստորագրվել է 1997թ. մարտի 28-ին Մոսկվայում՝ 1993 թվականի հունվարի 22-ի Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին կոնվենցիայում մի շարք փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նպատակով, քանի որ նշված կոնվենցիայի կիրառման ընթացքում ի հայտ էին եկել որոշ թերություններ:

Արձանագրությամբ փոփոխություններ են մտցվել կոնվենցիայի մի շարք հոդվածներում, որոնք վերաբերում են Կողմերի միջեւ իրականացվող հաղորդակցության կարգին, միմյանց ցուցաբերվող իրավական օգնության ծավալին, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին եւ այլ փաստաթղթերի փոխանցմանը, իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը մերժելուն, ծնողների եւ երեխաների միջեւ իրավահարաբերություններին, հետախուզում հայտարարելուն եւ հանձնման համար կալանքի տակ վերցնելուն, ձերբակալված կամ կալանքի վերցված անձի ազատմանը:

Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ՝ կապված Կողմերի խնդրանքով քաղաքացիների անձնական եւ գույքային իրավունքներին կամ շահերին վերաբերող որոշ փաստաթղթերի անվճար տրամադրման հետ:

Արձանագրությունը կատարված է մեկ բնօրինակով՝ ռուսերեն:

Արձանագրությունը չի ստորագրել Թուրքմենստանը, իսկ Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովայի Հանրապետությունն ստորագրել են վերապահումով:

1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ արձանագրությունը վավերացրել են Բելառուսի Հանրապետությունը եւ Ուկրաինան:

Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969 թ. մայիսի 23-ի կոնվենցիայի 19 հոդվածի հիման վրա քննության առարկա արձանագրությունը ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողովի վավերացմանը՝ 221 հոդվածի վերաբերյալ վերապահումով:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. «1993 թվականի հունվարի 22-ի Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին կոնվենցիայի» 1997 թվականի մարտի 28-ին Մոսկվայում ստորագրված արձանագրությունում ամրագրված պարտավորությունները (հաշվի առնելով 221 հոդվածի վերաբերյալ վերապահման հանգամանքը) համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

7 հունվարի 2000 թվականի
ՍԴՈ - 206

print page Տպել էջը