ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՃԱՊՈՆԱԿԱՆ JPN 025535-AM ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՆԱՄԱԿ - ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 7 հունվարի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Ե. Զախարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ տրանսպորտային ծրագրի նախապատրաստման համար Ճապոնական JPN 025535-AM դրամաշնորհի նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ե. Զախարյանի բացատրությունը, հետազոտելով նամակ-համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ տրանսպորտային ծրագրի նախապատրաստման համար Ճապոնական JPN 025535-AM դրամաշնորհի նամակ-համաձայնագիրն ստորագրվել է 1998 թ. փետրվարի 11-ին Երեւանում՝ Տրանսպորտային ծրագրի նախապատրաստման նպատակով։

Նամակ-համաձայնագրով կարգավորվում են Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը Տրանսպորտային ծրագրի նախապատրաստման համար 486.000 (չորս հարյուր ութսունվեց) ԱՄՆ-ի դոլար դրամաշնորհ տրամադրելու հետ կապված հարաբերությունները։

Նամակ-համաձայնագիրը, որն ունի նաեւ երկու հավելված եւ երկու լրացում, նախատեսում է դրամաշնորհի տրամադրման նպատակները եւ ժամկետները, ինչպես նաեւ հաշվեքննության եւ խորհրդատվական ծառայությունների կազմակերպման պայմանները եւ կարգը։

Նամակ-համաձայնագրով նախատեսվում է դրամաշնորհի միջոցներն օգտագործել վթարային սեւ գոտիների տեղակայման վայրերը որոշելու, նորոգման աշխատանքները պլանավորելու, մայրուղիների վիճակի հետազոտման եւ ծախսերի արդյունքների վերլուծության հիման վրա ճանապարհների պահպանության ծրագրերի առաջնայնությունը որոշելու, հանրապետությունում հնարավոր սողանքները հետազոտելու, տվյալների բանկ ստեղծելու եւ կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքը հաստատելու համար։

Հայաստանի Հանրապետությունը նամակ-համաձայնագրով պարտավորվում է պատշաճորեն եւ արդյունավետ իրականացնել ծրագրի կատարման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները, այդ թվում՝ ժամանակին տրամադրել անհրաժեշտ միջոցներ, ծառայություններ եւ ռեսուրսներ, Պայմանավորվող կողմին ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն՝ կատարված միջոցառումների եւ դրամաշնորհի միջոցների օգտագործման վերաբերյալ, ձեռք բերված արդյունքների շուրջ կատարել մտքերի փոխանակում Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի ներկայացուցիչների հետ։

Նամակ-համաձայնագրով նախատեսվում են նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից դրամաշնորհի գումարների ծախսման կարգը, ծախսումների վերաբերյալ տարեկան հաշվետվությունների բովանդակությունը եւ ներկայացման կարգը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ տրանսպորտային ծրագրի նախապատրաստման համար Ճապոնական JPN 025535-AM դրամաշնորհի նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

7 հունվարի 2000 թվականի
ՍԴՈ - 207

print page Տպել էջը