ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ TF 025754 (ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՎ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 7 հունվարի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Կ. Գալուստյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ Ճապոնական դրամաշնորհի TF 025754 (Էլեկտրաէներգետիկ եւ գազի համակարգի վերակառուցման ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Գալուստյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Քննության առարկա համաձայնագիրը՝ նամակների փոխանակմամբ, Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 1999 թվականի մայիսի 25-ին:

Համաձայնագրով Միջազգային զարգացման ընկերակցությունը, որպես Ճապոնիայի կողմից հատկացված դրամաշնորհային միջոցների կառավարիչ, Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է 414.000 ԱՄՆ-ի դոլար դրամաշնորհ, որի նպատակն է օժանդակել Համաշխարհային բանկի ֆինանսավորմանը ներկայացված՝ էլեկտրաէներգետիկ եւ գազի համակարգի վերակառուցման ծրագրի նախապատրաստմանը:

Դրամաշնորհի օգտագործման նպատակները, պայմաններն ու ժամկետները որոշարկված են նամակհամաձայնագրի հավելվածում։ Համաձայնագրի մասն են կազմում նաեւ գնումների եւ հատուկ հաշվի վերաբերյալ երկու լրացումները։

Դրամաշնորհը տրամադրվում է էներգետիկայի համակարգի սեփականաշնորհման, գազի եւ ջեռուցման ենթահամակարգերի վերականգնման համար նախնական տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների ֆինանսավորման, ինչպես նաեւ կադրերի վերապատրաստման եւ գրասենյակային ծախսերի համար։

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է էկոնոմիկայի նախարարության եւ էներգետիկայի նախարարության միջնախարարական հանձնաժողովի ենթակայության ներքո ստեղծել Ծրագրի նախապատրաստման եւ իրականացման գրասենյակ, որը պետք է պատասխանատու լինի դրամաշնորհի միջոցների տնօրինման համար:

Դրամաշնորհի ընդհանուր գումարում առանձնացված են խորհրդատվական ծառայությունների, ապրանքների ձեռքբերման, կադրերի վերապատրաստման եւ գրասենյակի ընթացիկ ծախսերի համար հատկացվող մասնաբաժինները: Ընդ որում, համաձայնագրով նախատեսված դեպքերում հնարավոր է այդ մասնաբաժինների վերաբաշխում:

Համաձայնագրով սահմանված են դրամաշնորհի հաշվից աշխատանքների ֆինանսավորման համար անհրաժեշտ գումարների դուրսգրման կարգը, ինչպես նաեւ աշխատանքների կատարումը հեշտացնելու նպատակով հատուկ հաշիվ բացելու եւ վարելու կարգը:

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Ընկերակցությանը տրամադրել տեղեկատվություն համաձայնագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների եւ դրամաշնորհի միջոցների օգտագործման վերաբերյալ, ներկայացնել հաշվետվություն անկախ հաշվեքննիչների կողմից յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար հատուկ հաշվի հաշվեքննության վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունն ապահովում է նաեւ դրամաշնորհի միջոցներով ներմուծվող ապրանքների ապահովագրումը:

Դրամաշնորհով ֆինանսավորվող աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ 2001թ. մարտի 31-ը: Համաձայնագրով նախատեսված են նաեւ դրամաշնորհի միջոցների օգտագործման իրավունքի կասեցման եւ դադարեցման հիմքերը:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ Ճապոնական դրամաշնորհի TF 025754 (Էլեկտրաէներգետիկ եւ գազի համակարգի վերակառուցման ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

7 հունվարի 2000 թվականի
ՍԴՈ - 208

print page Տպել էջը