ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԳՐԱԿԱՆ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԵՐԿԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1886 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԲԵՌՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 7 հունվարի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքի ազգային գործակալության պետ Վ. Կոստանդյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Գրական եւ գեղարվեստական երկերի պահպանության մասին 1886 թվականի սեպտեմբերի 9-ին Բեռնում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրված՝ 22. 12. 1999 թ.)։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Կոստանդյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Սույն կոնվենցիան ստորագրվել է 1886 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Բեռնում։ Կոնվենցիայի նպատակն է հնարավորին չափ արդյունավետ եւ միասնական ձեւով պահպանել հեղինակների իրավունքները նրանց գրական եւ գեղարվեստական երկերի նկատմամբ։

Կոնվենցիայի համաձայն՝ այն երկրները, որոնց նկատմամբ կիրառվում է սույն կոնվենցիան, ստեղծում են Միություն՝ գրական եւ գեղարվեստական երկերի նկատմամբ հեղինակների իրավունքները պահպանելու համար։

Կոնվենցիայով սահմանվում են պահպանվող երկերի ցանկը, երկերի պահպանության օրենսդրական կարգավորման մեխանիզմը, պահպանության նախատեսման չափանիշները, երկերի հեղինակների երաշխավորված իրավունքները, երկերի պահպանության ծավալը եւ դրանց հեղինակների իրավունքների պաշտպանության միջոցները, որոշակի երկերի պահպանության հնարավոր սահմանափակումները եւ այլն։

Կոնվենցիան կանոնակարգում է նաեւ երկերի պահպանության ժամկետներին, դրանց ազատ օգտագործման հնարավոր դեպքերին, ինչպես նաեւ Միության Ընդհանուր ժողովի եւ Գործադիր կոմիտեի կազմավորման եւ գործունեության, կոնվենցիայում փոփոխություններ կատարելու, դրա ուժի մեջ մտնելու կարգին վերաբերող հարցերը։

Կոնվենցիայի դրույթները չեն խոչընդոտում երկերի ավելի լայն պահպանությանը, որը կարող է նախատեսվել Միության անդամ այս կամ այն երկրի օրենսդրությամբ։ Միության անդամ երկրների կառավարություններն իրավասու են կնքել հատուկ համաձայնագրեր, եթե դրանք հեղինակին կապահովեն ավելի լայն իրավունքներ, քան սահմանվում են սույն կոնվենցիայով։

Կոնվենցիայի անօտարելի մասն է կազմում Լրացուցիչ բաժինը, որը բովանդակում է հատուկ դրույթներ զարգացող երկրների վերաբերյալ, որոնք սահմանում են որոշակի արտոնություններ՝ կապված այդ պետությունների տնտեսական վիճակի եւ սոցիալ-մշակութային պահանջների հետ, եւ որի վերաբերյալ կոնվենցիային միացող երկիրը պետք է հանդես գա հայտարարությամբ:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Գրական եւ գեղարվեստական երկերի պահպանության մասին 1886 թվականի սեպտեմբերի 9-ին Բեռնում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

11 հունվարի 2000 թվականի
ՍԴՈ - 211

print page Տպել էջը