ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ TF 025579 (ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 18 հունվարի 2000 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Խ. Հարությունյանի,
հրավիրվածներ՝ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Կիրակոսյանի եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ֆ. Զաքարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 1999 թվականի հոկտեմբերի 20-ին Երեւանում ստորագրված Ճապոնական դրամաշնորհի TF 025579 (Սոցիալական ներդրումների հիմնադրամի երկրորդ ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Խ. Հարությունյանի բացատրությունը, Ա. Կիրակոսյանի պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Համաձայնագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ, համաձայն որի Հայաստանի Հանրապետությանն է տրամադրվելու 494.800 ԱՄՆ-ի դոլար գումարի չափով դրամաշնորհ՝ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երկրորդ ծրագրի նախապատրաստմանն օժանդակելու նպատակով: Ըստ գործում առկա տեղեկանքի՝ այդ ծրագրի ֆինանսավորումը պետք է իրականացվի կնքվելիք վարկային համաձայնագրով:
Դրամաշնորհի համաձայնագրով նախատեսված ֆինանսավորման ենթակա բնագավառներն են.
- իշխանության տեղական մարմինների գործառույթներին առնչվող խնդիրների ուսումնասիրում եւ խորհրդատվական ծառայությունների մատուցում,
- փոքր ձեռնարկատիրության զարգացման հիմնախնդիրների լուծմանն աջակցություն, մասնավորապես՝ վարչական, հարկային ու ֆինանսավարկային բնագավառներում, եւ համապատասխան խորհրդատվական ծառայությունների մատուցում:
Ինքնիշխանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթին համապատասխան՝ համաձայնագրով Կողմերի միջեւ նախատեսված են փոխադարձ իրավունքներ եւ պարտականություններ, մասնավորապես, վերոհիշյալ աշխատանքները, ինչպես նաեւ խորհրդատուների ներգրավումն իրականացվելու են Միջազգային զարգացման ընկերակցության կողմից եւ վերջինիս պատասխանատվությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունը՝ նախանշված խնդիրների լուծման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն ու կատարված աշխատանքի արդյունքների գնահատումն է, ինչպես նաեւ՝ օտարերկրյա խորհրդատվական անձնակազմի անդամների հարկային պարտավորությունների հատուցումը:
Համաձայնագրով նախատեսված են նաեւ դրույթներ խորհրդատվական ծառայությունների մատուցման կարգի եւ պայմանների (համաձայնագրին կից հավելվածում), կատարված աշխատանքների արդյունքում պատճառված վնասի հատուցման, ինչպես նաեւ՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու եւ գործողությունը դադարելու վերաբերյալ:
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67 հոդվածի պահանջներով, ուսումնասիրելով Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի
ծրագրային գործունեության, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների վարկային եւ դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման ուղղությամբ ձեւավորված իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանը նաեւ պարզեց.
1. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը, որպես շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն, ստեղծվել է ՀՀ վարչապետի 1995 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 165 որոշմամբ՝ հանրապետության սոցիալական ոլորտում ստեղծված իրավիճակի բարելավման եւ բնակչության առավել անապահով խավերի կենսական կարիքները բավարարելու անհրաժեշտությունից ելնելով: Իր քառամյա գործունեության ընթացքում՝ Միջազգային զարգացման ընկերակցության, ՀՀ կառավարության, համայնքների տրամադրած միջոցների, ինչպես նաեւ նվիրատվությունների հաշվին հիմնադրամը ծրագրեր է իրականացրել համայնքային նշանակության առողջապահական, կրթական հիմնարկների, մանկապարտեզների, ծերանոցների, բնապահպանական օբյեկտների, ճանապարհաշինության, կոյուղու եւ խմելու ջրի համակարգերի շինարարության եւ հիմնական նորոգման ուղղությամբ, որի ընդհանուր ծրագրային արժեքը կազմում է մոտ 20 միլիոն ԱՄՆ-ի դոլար:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից քայլեր են ձեռնարկվել բարձրացնելու վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունավետությունն ու վերահսկելիությունը: Մասնավորապես, կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 765 որոշմամբ ներդրվել է վարկային ծրագրերի կառավարման նոր համակարգ, կանոնակարգվել է օտարերկրյա պետությունների եւ միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների գործունեությունը, սահմանվել է դրանց իրավասության շրջանակը, ինչպես նաեւ՝ այդ ծրագրերի շրջանակներում հատկացված դրամական միջոցների, նյութական արժեքների եւ մատուցվող ծառայությունների հաշվառման կարգը:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 1999 թվականի հոկտեմբերի 20-ին Երեւանում ստորագրված Ճապոնական դրամաշնորհի TF 025579 (Սոցիալական ներդրումների հիմնադրամի երկրորդ ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
18 հունվարի 2000 թվականի
ՍԴՈ - 212