ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ TF 27293 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ՝ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 4 փետրվարի 2000 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռ. Շառոյանի,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով եւ 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21 եւ 56 հոդվածներով,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ մշակութային ժառանգությանն ուղղված նախաձեռնության համար TF 27293 դրամաշնորհի՝ 1999 թվականի դեկտեմբերի 16-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ռ. Շառոյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Համաձայնագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ, համաձայն որի Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելու է 371 հազար ԱՄՆ-ի դոլար գումարի չափով դրամաշնորհ՝ Հայաստանի Հանրապետությունում մշակութային ժառանգության պահպանման եւ կառավարման համար բարենպաստ պայմանների ստեղծման, ինստիտուցիոնալ եւ իրավական դաշտի բարելավման, Մշակութային վերականգնման հիմնադրամի ստեղծման, մշակութային վայրերում զբոսաշրջիկության փորձնական ծրագրի մշակման եւ տեղական համայնքներին այդ գործում ներգրավելու նպատակներով:
Համաձայնագրով նախատեսված ֆինանսավորման ենթակա բնագավառներն են՝ խորհրդատվական ծառայությունների մատուցում եւ մշակութային ոլորտի աշխատողների ուսուցում, ապրանքների ձեռքբերում:
Համաձայնագրով նախատեսված են Կողմերի իրավունքները եւ պարտականությունները, մասնավորապես, խորհրդատուների ներգրավումն իրականացվելու է Միջազգային զարգացման ընկերակցության կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունն է նշված խնդիրների լուծման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն ու աշխատանքների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը: Այդ նպատակով ստեղծվելու է Վերահսկող հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության գլխավորությամբ:
Համաձայնագրի անքակտելի մասն են հանդիսանում Հավելվածը, որով սահմանվում են դրամաշնորհի տրամադրման նպատակները, ժամկետներն ու պայմանները, ինչպես նաեւ երկու Լրացումները, որոնցով սահմանվում են խորհրդատվական ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերման, հատուկ հաշվի բացման եւ դրանից վճարումների կատարման կարգն ու պայմանները:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ մշակութային ժառանգությանն ուղղված նախաձեռնության համար TF 27293 դրամաշնորհի՝ 1999 թվականի դեկտեմբերի 16-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
4 փետրվարի 2000 թվականի
ՍԴՈ - 213