ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 22 փետրվարի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Հ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հանցավորության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Հարությունյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Քննության առարկա համաձայնագրի նպատակն է մարդու կյանքի ու առողջության, ազատության, պատվի ու արժանապատվության, հասարակության շահերի դեմ ուղղված ոտնձգություններից հուսալի պաշտպանության ապահովումը, համագործակցությունը կազմակերպված հանցավորության դեմ պայքարում, հանցագործությունների կանխման, խափանման, բացահայտման եւ քննության գործում:

Համաձայնագրով նախատեսվող համագործակցության ձեւերն են՝ քրեական հետապնդումից կամ պատժի կրումից թաքնվող անձանց եւ առեւանգված տրանսպորտային միջոցների հետախուզումը, նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների մասին տեղեկատվության փոխանակումը, աշխատանքային փորձի, նորմատիվ ակտերի եւ գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակումը:

Համաձայնագրով սահմանված են համագործակցության իրականացման եւ աջակցություն ցույց տալու կարգը, աջակցությունը մերժելու հիմքերը: Աջակցության ցուցաբերումը կարող է մերժվել, եթե հարցվող կողմը գտնում է, որ հարցման կատարումը կարող է վնասել իր շահերին կամ հակասում է իր օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին, կամ արարքը, որի կապակցությամբ հարցումն ստացվել է, ըստ հարցվող կողմի օրենսդրության հանցագործություն չի հանդիսանում։ Համաձայնագրի նշված դրույթը բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1 հոդվածում ամրագրված՝ պետության ինքնիշխանության սկզբունքից, ինչպես նաեւ համապատասխանում է Սահմանադրության 42 հոդվածի չորրորդ մասի պահանջներին։

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են համապատասխան դեպքերում իրականացնել համաձայնեցված միջոցառումներ՝ այն անձանց անվտանգությունն ապահովելու համար, որոնց ցուցմունքներն ու գործողությունները կարեւոր նշանակություն ունեն գործի քննության համար: Կողմերը կրում են համաձայնագրի կատարման ընթացքում ծագող բոլոր ծախսերը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, միմյանց օգնություն են ցույց տալիս անհատույց:

Համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում հավելվածը՝ Հանցավորության դեմ պայքարում համագործակցություն իրականացնող՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների ցանկը: Ըստ համաձայնագրի՝ ցանկում նշված մարմինները սահմանում են միմյանց հետ հաղորդակցվելու կարգը եւ դրա համար լիազորված անձանց ցանկը: Համաձայնագրի իրականացման նպատակով նախատեսվում է նաեւ միջգերատեսչական համաձայնագրերի կնքում, աշխատանքային հանդիպումների եւ խորհրդատվությունների կազմակերպում:

Հայաստանի Հանրապետությունը համաձայնագիրն ստորագրել է հատուկ կարծիքով՝ այն մասին, որ համաձայնագրի լրացումների եւ փոփոխությունների վերաբերյալ արձանագրություններն ուժի մեջ են մտնում համաձայնագրի համար նախատեսված կարգով, այսինքն՝ անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ ծանուցագիրն ավանդապահին հանձնելու օրվանից: Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարվա ընթացքում եւ կարող է երկարաձգվել:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հանցավորության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

22 փետրվարի 2000 թվականի
ՍԴՈ - 214

print page Տպել էջը