ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 25 փետրվարի 2000 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21(1) հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռումինիայի կառավարության միջեւ միջազգային համակցված փոխադրումների մասին 1998 թվականի հուլիսի 3-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ե. Զախարյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 1998 թվականի հուլիսի 3-ին Երեւանում՝ երկու երկրների միջեւ առեւտրի զարգացման համար բեռների միջազգային փոխադրումներ կազմակերպելու, ժամանակակից առաքման համակարգ հիմնելու, տնտեսական եւ բնապահպանական տեսակետից առավել ընդունելի այլընտրանքային ավտոճանապարհ ստեղծելու նպատակով:
Համաձայնագրով կարգավորվում են երկու Կողմերի տարածքներում եւ նրանց միջեւ ավտոմոբիլային, երկաթուղային, ներքին ջրային եւ ծովային երթուղիներով իրականացվող համակցված փոխադրումները:
Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են աջակցել համակցված փոխադրումների զարգացմանը, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ համակցված փոխադրումներ եւ ծովային առաքումներ կատարող ընկերությունների միջեւ համաձայնության հասնելու եւ փոխադրումների անընդհատությունը եւ հոսքի անխափանությունն ապահովելու, ընդհանուր երթուղիներ բացելու համար:
Համաձայնագրով սահմանվում են համակցված փոխադրումների իրականացման մաքսային եւ հարկային պայմանները:
Ըստ համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ՝ կապված համակցված փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցները, դրանց պահեստամասերը եւ լրացուցիչ պարագներն ու սարքավորումները ներմուծման մաքսային պարտավորություններից, երթեւեկության հարկից, գույքահարկի բոլոր գանձումներից եւ բոլոր հատուկ հարկերից ու սակագներից ազատելու հետ:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռումինիայի կառավարության միջեւ միջազգային համակցված փոխադրումների մասին 1998 թվականի հուլիսի 3-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
25 փետրվարի 2000 թվականի
ՍԴՈ - 215