ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

«1999 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՃԱՊՈՆԱԿԱՆ TF 025354 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ (ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵԿՏՈՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ)» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԵՎ «1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՃԱՊՈՆԱԿԱՆ TF 025354 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ (ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵԿՏՈՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ

Քաղ. Երեւան, 25 փետրվարի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1999 թվականի փետրվարի 22-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ Ճապոնական TF 025354 դրամաշնորհի (Մասնավոր սեկտորի զարգացման ծրագրի համար)» համաձայնագրում եւ «1999 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ Ճապոնական TF 025354 դրամաշնորհի (Մասնավոր սեկտորի զարգացման ծրագրի համար) համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Դրամաշնորհի համաձայնագրով Միջազգային զարգացման ընկերակցությունը պարտավորվում է խորհրդատվական ծառայությունների մատուցման միջոցով աջակցել Մասնավոր սեկտորի զարգացման ծրագրի նախապատրաստմանը՝ հետեւյալ բնագավառներում.

- հետսեփականաշնորհման գործընթացի զարգացման,
- փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման,
- օտարերկրյա ներդրումների խրախուսման գործունեության զարգացման:

Վերոհիշյալ խնդիրների իրականացման նպատակով Միջազգային զարգացման ընկերակցության կողմից տրամադրվող գումարը կազմում է 209.075 ԱՄՆ-ի դոլար: Նախատեսված աշխատանքների կատարման վերջնական ժամկետը 2001 թվականի դեկտեմբերի 31-ն է:

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է համաձայնագրով նախատեսված աշխատանքների պատշաճ կատարման համար համագործակցել Ընկերակցության ներկայացուցիչների հետ, ստեղծել անհրաժեշտ պայմաններ, տրամադրել տեղեկատվություն, ինչպես նաեւ գնահատել կատարված աշխատանքների արդյունքները:

Դրամաշնորհի համաձայնագրով նախատեսված են նաեւ դրույթներ դրամաշնորհի միջոցների օգտագործման, հաշվեքննության իրականացման կարգի եւ պայմանների, ինչպես նաեւ համաձայնագրի գործողության դադարման վերաբերյալ:

1999 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ Ճապոնական TF 025354 դրամաշնորհի (Մասնավոր սեկտորի զարգացման ծրագրի համար) համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրով սահմանվել են դրամաշնորհի, ինչպես նաեւ՝ դրամաշնորհի հատուկ հաշվին ավանդագրման ենթակա գումարի չափերը, նախատեսված աշխատանքների կատարման վերջնական ժամկետը, կատարվել են մասնակի փոփոխություններ դրամաշնորհի համաձայնագրի հավելվածում:

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67 հոդվածի պահանջներով, ուսումնասիրելով օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների վարկային եւ դրամաշնորհային միջոցների հաշվին հետսեփականաշնորհման, ինչպես նաեւ մասնավոր սեկտորի զարգացման ծրագրերի իրականացման ուղղությամբ ձեւավորված իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանը նաեւ պարզեց.

Հայաստանի Հանրապետությունում հետսեփականաշնորհման բնագավառի հիմնախնդիրների լուծմանը, մասնավոր սեկտորի, փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանն ուղղված են եղել նաեւ վարկային ու դրամաշնորհային միջոցներ, այդ թվում՝ Միջազգային զարգացման ընկերակցության կողմից տրամադրված Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության առաջին վարկային ծրագրի, ՏԱՍԻՍ ծրագրի, Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Ձեռնարկությունների զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի, Լինսի հիմնադրամի վարկային ծրագրի եւ համանման այլ ծրագրերի միջոցներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ Ճապոնական TF 025354 դրամաշնորհի (Մասնավոր սեկտորի զարգացման ծրագրի համար) 1999 թվականի փետրվարի 22-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում եւ դրանում փոփոխություններ կատարելու մասին 1999 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

25 փետրվարի 2000 թվականի
ՍԴՈ - 216

print page Տպել էջը