ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳԻ (ԱՊՀ ՍԶ-ՏՓԱՀ) ՍՏԵՂԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԲԻՇԿԵԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 10 մարտի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով եւ 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21(1) եւ 56 հոդվածներով,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ զորքերի միջեւ տեղեկատվական փոխանակման միջպետական ենթահամակարգի (ԱՊՀ ՍԶ-ՏՓԱՀ) ստեղծման աշխատանքների ֆինանսավորման կարգի մասին 1997 թվականի հոկտեմբերի 9-ին Բիշկեկում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրված՝ 22. 02. 2000թ.):

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Պետրոսյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Համաձայնագիրն ստորագրվել է 1997թ. հոկտեմբերի 9-ին՝ Բիշկեկում:

Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են փայատիրական հիմունքներով ֆինանսավորել սահմանապահ զորքերի միջեւ տեղեկատվական փոխանակման միջպետական ենթահամակարգի (ՍԶ-ՏՓԱՀ) ստեղծման աշխատանքները, սահմանում են այդ աշխատանքների կատարումն իրականացնող եւ այդ նպատակով միմյանց հետ համագործակցող ֆինանսական հարաբերությունների սուբյեկտները:

Ըստ համաձայնագրի՝ տեղեկատվական փոխանակման միջպետական ենթահամակարգի (ՍԶ-ՏՓԱՀ) ստեղծման աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է գլխավոր պատվիրատուի եւ գլխավոր կատարողի միջեւ կնքվող պայմանագրերի հիման վրա, իսկ աշխատանքները կատարվում են տեղեկատվական փոխանակման միջպետական ենթահամակարգի (ՍԶ-ՏՓԱՀ) Հայեցակարգի իրացման ծրագրին համապատասխան:

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն համաձայնագրում կարող են մտցվել լրացումներ եւ փոփոխություններ:

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն համաձայնագրից՝ ոչ ուշ, քան 12 ամիս առաջ ավանդապահին գրավոր ծանուցելու ճանապարհով: Համաձայնագիրը բաց է ԱՊՀ այլ մասնակից պետությունների կողմից միանալու համար:

Համաձայնագիրը կատարված է մեկ բնօրինակով՝ ռուսերենով:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ՝ կապված սահմանապահ զորքերի միջեւ տեղեկատվական փոխանակման միջպետական ենթահամակարգի (ՍԶ-ՏՓԱՀ) ստեղծման աշխատանքների ֆինանսավորման հետ:

Համաձայնագիրն ունի հավելված:

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետությունն ստորագրել է հատուկ կարծիքով:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ զորքերի միջեւ տեղեկատվական փոխանակման միջպետական ենթահամակարգի (ԱՊՀ ՍԶ-ՏՓԱՀ) ստեղծման աշխատանքների ֆինանսավորման կարգի մասին 1997 թվականի հոկտեմբերի 9-ին Բիշկեկում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ

Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

10 մարտի 2000 թվականի
ՍԴՈ - 218

print page Տպել էջը