ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 10 սեպտեմբերի 1996թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Լ. Բարխուդարյանի եւ հրավիրված՝ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետ Պ. Սաֆարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց "Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ" գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու մասին։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Լ. Բարխուդարյանի միջնորդությունը եւ Պ. Սաֆարյանի պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ ստորագրվել է 1996 թվականի մայիսի 5-ին Պեկինում, հայերեն, չինարեն եւ անգլերեն, որոնց տեքստերը համազոր են։ Համաձայնագիրը կնքված է անորոշ ժամանակով։ Դրա գործողությունը կարող է դադարեցվել համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից հինգ տարվա ժամկետը լրանալուց հետո ցանկացած օրացուցային տարվա մինչեւ հունիսի 30-ը ներառյալ՝ Պայմանավորվող մյուս Պետությանը դադարեցման մասին գրավոր ծանուցելու դեպքում։

Համաձայնագիրը ստորագրվել է երկու պետությունների միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու, հարկումից խուսափելը կանխելու, հարկային խտրականություն թույլ չտալու նպատակով։

Համաձայնագիրը կիրառվում է պայմանավորվող պետությունների ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ։ Այն սահմանում է հարկման ենթակա եկամուտները եւ այն եկամուտները, որոնք ազատվում են հարկերից։ Սահմանված են նաեւ կրկնակի հարկման բացառման մեթոդները եւ հարկային խտրականության բացառման կարգը։

Համաձայնագիրը հնարավորություն է տալիս պաշտպանել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող անձանց շահերը հարկային բնագավառում։ Համաձայնագրում ամրագրված է Կողմերի միջեւ համապատասխան ոլորտում առաջացած վեճերի լուծման կարգը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ 1996 թվականի մայիսի 5-ին Պեկինում ստորագրված՝ Եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

10 սեպտեմբերի 1996 թվականի
ՍԴՈ-22

print page Տպել էջը