1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 24 մարտի 2000 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կ. Ճշմարիտյանի,
հրավիրվածներ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Թումանյանի, արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ Շ. Ավագյանի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Վ. Գասպարյանի, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21(1) հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1998 թվականի մարտի 6-ին Մոսկվայում ստորագրված՝ Անդրազգային կորպորացիաների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Անդրազգային կորպորացիաների մասին կոնվենցիան ստորագրվել է 1998 թ. մարտի 6-ին՝ Մոսկվայում։
Կոնվենցիայի նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսությունների կառուցվածքային վերակառուցման ապահովումը, Կողմերի ձեռնարկությունների միջեւ արտադրական կոոպերացիային աջակցելը, ինտեգրացման խորացումը, ինչպես նաեւ արտադրական, ներդրումային, առեւտրական եւ ֆինանսավարկային գործունեության բնագավառներում փոխգործակցության ժամանակակից ձեւերի կիրառումը։
Կոնվենցիայով սահմանվում են «անդրազգային կորպորացիա» հասկացությունը, կորպորացիաների գործունեության իրավական հիմքերը, դրանց ձեւավորման, գործունեության, ինչպես նաեւ կառավարման կարգը։
Կոնվենցիան կարգավորում է անդրազգային կորպորացիաների մասնակիցների պատասխանատվության, հաշվետվության եւ դրանց գործունեության նկատմամբ իրականացվող վերահսկողության հարցերը։
Կոնվենցիան գործում է ուժի մեջ մտնելու օրվանից սկսած 10 տարվա ընթացքում։ Այդ ժամկետը լրանալուց հետո կոնվենցիան ինքնաբերաբար երկարաձգվում է՝ ամեն անգամ 5 տարով, եթե Կողմերն այլ որոշումներ չեն կայացնում։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Անդրազգային կորպորացիաների մասին 1998 թվականի մարտի 6-ին Մոսկվայում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
24 մարտի 2000 թվականի
ՍԴՈ - 221