ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՊԵՍ ԴՐԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՁԵՎԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԿԵՐԿԻՐԱՅՈՒՄ (ՀՈՒՆԱՍՏԱՆ) ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 24 մարտի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Հ. Հարությունյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով եւ 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21(1) եւ 56 հոդվածներով,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Սեւծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների միջեւ հանցավորության եւ հատկապես դրա կազմակերպված ձեւերի դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին 1998 թվականի հոկտեմբերի 2-ին Կերկիրայում (Հունաստան) ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հա ղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Հարությունյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Համաձայնագիրն ստորագրվել է 1998թ հոկտեմբերի 2-ին Կերկիրայում (Հունաստան)՝ հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցությունն ընդլայնելու, համընդհանուր եւ տարածաշրջանային մակարդակներով ձեռնարկվող համապատասխան գործողությունները համակարգելու նպատակով:

Համաձայնագրով նախատեսվում է Կողմերի համագործակցությունը հանցավորության դեմ պայքարում՝ հանցագործությունների կանխման, խափանման, հայտնաբերման, բացահայտման եւ քննության հարցերում, ինչպես նաեւ սահմանվում են հանցավորության դեմ պայքարում Կողմերի համագործակցության ոլորտները եւ դրա իրականացման ձեւերը:

Համաձայնագրով սահմանվում է համագործակցության վերաբերյալ հարցումների ներկայացման կարգը եւ նախատեսվում են դրանց ներկայացվող պահանջները:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ՝ կապված համաձայնագրի իրականացման ընթացքում առաջացած ծախսերն ինքնուրույն հոգալու հետ:

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն համաձայնագրում կարող են լրացումներ եւ փոփոխություններ մտցվել: Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն համաձայնագրից՝ ոչ ուշ, քան երեք ամիս առաջ այդ մասին ավանդապահին գրավոր ծանուցելու միջոցով:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմա նադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Սեւծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների միջեւ հանցավորության եւ հատկապես դրա կազմակերպված ձեւերի դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին 1998 թվականի հոկտեմբերի 2-ին Կերկիրայում (Հունաստան) ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

24 մարտի 2000 թվականի
ՍԴՈ - 222

print page Տպել էջը