ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՄԻԱՎ ՎԱՐԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 31 մարտի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարար Ա. Մկրտչյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով եւ 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21(1) եւ 56 հոդվածներով,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՄԻԱՎ վարակի հետ կապված խնդիրների լուծման հարցում համագործակցության մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Մկրտչյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Համաձայնագիրն ստորագրվել է 1998թ. նոյեմբերի 25-ին Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների տարածքներում ՄԻԱՎ վարակի համալիր կանխարգելման համար ժամանակին եւ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու եւ բնակչության իրավունքների ու շահերի պաշտպանության ապահովման համար համաձայնեցված միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետեւյալ պարտավորությունները.

- ԱՊՀ մասնակից պետությունների ՄԻԱՎ վարակված եւ ՁԻԱՀ-ով հիվանդ քաղաքացիներին ցույց տալ բժշկական օգնություն, համակարգել այդ բնագավառում իր գործողությունները,

- միջոցներ ձեռնարկել իր տարածքում համաճարակային հսկողության կատարելագործման, բժշկական միջամտությունների, դոնորական արյան, օրգանների, կենսաբանական հեղուկների եւ հյուսվածքների օգտագործման անվտանգության ապահովման նպատակով,

- երաշխավորել ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների՝ ՄԻԱՎ վարակի հայտնաբերման համար հետազոտությունների մատչելի եւ անվճար կատարում՝ գաղտնիության եւ կամավորության սկզբունքի հիման վրա, ապահովելով հետազոտվողների անվտանգությունը, ինչպես նաեւ ՄԻԱՎ վարակված քաղաքացիների բոլոր իրավունքների եւ ազատությունների պահպանումը, ազատ ելք ու մուտք մյուս Կողմի տարածք՝ առանց վարակի բացակայությունը հաստատող վկայականի ներկայացման,

- օպերատիվ կարգով տեղեկացնել մյուս Կողմերի քաղաքացի հանդիսացող՝ ՄԻԱՎ վարակված անձանց հայտնաբերման մասին, ձեռնարկել միջոցներ ՄԻԱՎ վարակի հետ կապված խնդիրների վերաբերյալ ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման համար,

- ստեղծել համատեղ ծրագրեր եւ նախագծեր, նպաստել կազմակերպությունների միջեւ խորհրդատվություններին, հանդիպումներին, կազմակերպել կադրերի պատրաստում եւ որակավորման բարձրացում, մասնագետների փոխանակում, զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ բնակչությանն ապահովել ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցառումների մասին անհրաժեշտ տեղեկատվությամբ:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ՝ կապված ՄԻԱՎ վարակի անվճար ախտորոշման հետ:

Համաձայնագիրը կատարված է մեկ բնօրինակով՝ ռուսերենով:

Համաձայնագրի անբաժանելի մասն է հանդիսանում հավելվածը՝ Մինչեւ 2005 թ. ընկած ժամանակամիջոցում ԱՊՀ մասնակից պետություններում ՄԻԱՎ վարակի կանխարգելման եւ բուժման բնագավառում համագործակցության միջպետական ծրագիրը:

Համաձայնագիրը չի ստորագրել Թուրքմենստանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. ՄԻԱՎ վարակի հետ կապված խնդիրների լուծման հարցում համագործակցության մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

31 մարտի 2000 թվականի
ՍԴՈ - 224

print page Տպել էջը