ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԼԻԶԻՆԳԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 31 մարտի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1998 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված՝ Միջպետական լիզինգի մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Կոնվենցիայի նպատակն է ԱՊՀ շրջանակներում միջպետական լիզինգի միջոցով զարգացնել ներդրումային քաղաքականությունը եւ նպաստել Կողմերի տնտեսական փոխշահավետ համագործակցության համաչափ ընդլայնմանը:

Միջպետական լիզինգի կարգավորումն ապահովելու նպատակով կոնվենցիայով սահմանված են լիզինգային գործունեության տեսակները, այն իրականացնող սուբյեկտները եւ նրանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ լիզինգային գործունեության սկզբունքները:

Կոնվենցիայի մի շարք հոդվածներով Կողմերը հիմնականում պարտավորվել են.

- ազգային օրենսդրությանը համապատասխան հսկողություն իրականացնել լիզինգային գործունեության նկատմամբ.

- չսահմանափակել լիզինգային գործունեության սուբյեկտների իրավունքները, եթե դա պայմանավորված չէ ազգային օրենսդրության կիրառման անհրաժեշտությամբ,

- լիզինգային գործունեության սուբյեկտներին տրամադրել ազգային օրենսդրությամբ նախատեսված արտոնություններ, ինչպես նաեւ ապահովել այդ գործունեության անհրաժեշտ իրավական պաշտպանությունը,

- ազգային օրենսդրությանը համապատասխան ապահովել լիզինգի առարկաների անձեռնմխելիությունը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ լիզինգային գործունեության սուբյեկտների կրած վնասների փոխհատուցումը,

- երաշխավորել լիզինգային գործունեության արդյունքում օրինական միջոցներով ստացված եկամուտների եւ այլ գումարների անարգել փոխանցումը:

Կոնվենցիայով նախատեսված են նաեւ դրույթներ միջազգային իրավունքի այլ նորմերի կիրառման սկզբունքների, կոնվենցիայի ուժի մեջ մտնելու կարգի, գործողության ժամկետի, առաջացած վեճերի լուծման, կոնվենցիայում անհրաժեշտ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության անունից կոնվենցիան ստորագրվել է հատուկ կարծիքով, որը վերաբերում է լիզինգային գործունեության սուբյեկտների կողմից իրենց պայմանագրային պարտավորությունների կատարման կանոնակարգման խնդիրներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմա

նադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1998 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված՝ Միջպետական լիզինգի մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

31 մարտի 2000 թվականի
ՍԴՈ - 225

print page Տպել էջը