ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 31 մարտի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ հրավիրված՝ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մ. Ստակյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Ազգային գիտատեխնիկական ծրագրերի կատարմանը Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գիտահետազոտական կազմակերպությունների եւ մասնագետների ներգրավման կարգի մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրված՝ 09. 03. 2000 թ.):

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, հրավիրված Մ. Ստակյանի պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ..

Համաձայնագիրն ստորագրվել է 1998 թվականի նոյեմբերի 25-ին՝ Մոսկվայում: Համաձայնագիրը կնքվել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ընդհանուր գիտատեխնոլոգիական տարածքի ստեղծման մասին 1995 թվականի նոյեմբերի 3-ի համաձայնագրին համապատասխան (Հանրապետության Նախագահը վավերացրել է 1997 թ. փետրվարի 15-ին): Համաձայնագրի նպատակն ազգային գիտատեխնիկական ծրագրերի կատարմանը ԱՊՀ մասնակից պետությունների գիտահետազոտական կազմակերպությունների եւ մասնագետների մասնակցության ապահովման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է: Կողմերը պարտավորվել են ապահովել՝ պատվիրատու եւ իրագործող կազմակերպությունների ու մասնագետների միջեւ հարաբերություններին

առնչվող հարցերը՝ պայմանագրային հիմունքներով գիտատեխնիկական ծրագրերի իրագործման ուղղությամբ համագործակցություն իրականացնելիս, ինչպես նաեւ պատվիրատու եւ իրագործող կազմակերպությունների ու մասնագետների իրավունքները, պայմանագրի կնքման պայմանները, պատվիրատու կազմակերպության պետությունում մասնագետների գտնվելու եւ գործունեության պայմանները, ինչպես նաեւ աջակցել նրանց ընտանիքների չափահաս անդամներին՝ աշխատանքի տեղավորելու եւ երեխաներին դպրոցներում ու նախադպրոցական հաստատություններում տեղավորելու գործում: Համաձայնագրով նախատեսված դրույթները չեն կարող սահմանափակել Կողմերի իրավունքները՝ պայմանագրեր կնքելիս ձեռնարկել միջոցներ՝ ազգային անվտանգության շահերի պահպանման նպատակով:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Ազգային գիտատեխնիկական ծրագրերի կատարմանը Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գիտահետազոտական կազմակերպությունների եւ մասնագետների ներգրավման կարգի մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

31 մարտի 2000 թվականի
ՍԴՈ - 226

print page Տպել էջը