ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺՈՒՄ ԵՎ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 11 ապրիլի 2000 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարար Ա. Մկրտչյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 21(1) եւ 56 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների դատախազության մարմիններում եւ հաստատություններում ծառայությունն ընդհանուր աշխատանքային ստաժում եւ երկարամյա ծառայության մեջ փոխադարձ հաշվառելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Մկրտչյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների դատախազության մարմիններում եւ հաստատություններում ծառայությունն ընդհանուր աշխատանքային ստաժում եւ երկարամյա ծառայության մեջ փոխադարձ հաշվառելու մասին համաձայնագիրն ստորագրվել է 1998 թ. նոյեմբերի 25-ին Մոսկվայում՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տարածքներում դատախազության աշխատողների աշխատանքային գործունեության եւ սոցիալական պաշտպանության բնագավառում համագործակցության համակողմանի զարգացման նպատակով:
Համաձայնագրի նորմերը տարածվում են Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացի հանդիսացող՝ դատախազության մարմինների դատախազների եւ քննիչների, դատախազության գիտական եւ կրթական հաստատությունների գիտական եւ մանկավարժական աշխատողների վրա, ովքեր աշխատում են աշխատանքային պայմանագրի հիման վրա:
Համաձայնագրով մասնակից պետությունները պարտավորվում են փոխադարձաբար ճանաչել դատախազության մարմինների եւ հաստատությունների աշխատողների աշխատանքային ստաժը եւ երկարամյա ծառայությունը՝ աշխատավարձին դրամական հավելումներ (հավելավճարներ) վճարելիս:
Ըստ համաձայնագրի՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետության տարածքում աշխատանքային ստաժի եւ երկարամյա ծառայության մասին պատշաճ կարգով տրված անհրաժեշտ փաստաթղթերը սույն համաձայնագրի մյուս մասնակից պետությունների տարածքներում ընդունվում են առանց օրինականացման:
Համաձայնագրով Կողմերը պայմանավորվել են մշակել դատախազության մարմինների եւ հաստատությունների աշխատողների սոցիալական ապահովության մասին փոխհամաձայնեցված փաստաթուղթ:
Համաձայնագրին համապատասխան, եթե դրա կիրառման հետ կապված խնդիրներ առաջանան, ապա դրանց լուծումը կհամաձայնեցվի համաձայնագրի մասնակից պետությունների գլխավոր դատախազությունների (դատախազությունների) լիազորված ներկայացուցիչների միջոցով՝ երկկողմ կամ բազմակողմ հիմունքներով:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների դատախազության մարմիններում եւ հաստատություններում ծառայությունն ընդհանուր աշխատանքային ստաժում եւ երկարամյա ծառայության մեջ փոխադարձ հաշվառելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
11 ապրիլի 2000 թվականի
ՍԴՈ - 227