ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿՐԱՋԵՐՄԱՅԻՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ Բ ԲԼՈԿԻ TF 022931 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿՐԱՋԵՐՄԱՅԻՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ Բ ԲԼՈԿԻ TF 022932 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 11 ապրիլի 2000 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Դ. Զադոյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ Երեւանի երկրաջերմային փորձնական ծրագրի նախապատրաստման աշխատանքների համար Բ բլոկի TF022931 դրամաշնորհի եւ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ Երեւանի երկրաջերմային փորձնական ծրագրի նախապատրաստման աշխատանքների համար Բ բլոկի TF022932 դրամաշնորհի 1999 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրերում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Զադոյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագրերը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Քննության առարկա համաձայնագրերը՝ նամակների փոխանակման միջոցով, Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել են 1999 թվականի դեկտեմբերի 15-ին։
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ Երեւանի երկրաջերմային փորձնական ծրագրի նախապատրաստման աշխատանքների համար Բ բլոկի TF022931 դրամաշնորհի եւ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ Երեւանի երկրաջերմային փորձնական ծրագրի նախապատրաստման աշխատանքների համար Բ բլոկի TF022932 դրամաշնորհի համաձայնագրերով Հայաստանի Հանրապետությանն է տրամադրվում համապատասխանաբար՝ 50. 000 եւ 300.000 ԱՄՆ-ի դոլարը չգերազանցող գումարի չափով դրամաշնորհ։
Դրամաշնորհների նպատակն է աջակցել Երեւանի երկրաջերմային փորձնական ծրագրի նախապատրաստման աշխատանքներին, որը նպատակաուղղված է երկրային ջերմությունը՝ որպես էներգիայի նվազ ծախսատար աղբյուր օգտագործելուն։
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ Երեւանի երկրաջերմային փորձնական ծրագրի նախապատրաստման աշխատանքների համար Բ բլոկի TF022932 դրամաշնորհի Նամակ-համաձայնագրի հավելվածում սահմանված են դրամաշնորհի օգտագործման նպատակները, պայմանները եվ ժամկետները։ Համաձայնագրի մասը կազմող երկու լրացումներով նախատեսված է տեխնիկական ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաեւ դրամաշնորհի հաշվից՝ աշխատանքների իրականացման նպատակով պահանջվող ծառայությունների համար կատարվող վճարումների դուրսգրման, հատուկ հաշվի բացման եվ վարման կարգը։
TF022932 դրամաշնորհի միջոցներն օգտագործվելու են փորձնական հորատումները, ինժեներատեխնիկական աշխատանքները, ջրօգտագործման եվ ոռոգման համակարգի ուսումնասիրությունը, բնական գազով իրականացվող այլընտրանքային ջեռուցման համակարգերի հետազոտումը ֆինանսավորելու համար։
Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի պահանջի դեպքում վերջինիս տրամադրել աշխատանքների եվ դրամաշնորհի միջոցների օգտագործման, աշխատանքների արդյունքների եվ ազդեցության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ներկայացնել հաշվետվություն Բանկի համար ընդունելի անկախ հաշվեքննիչների կողմից յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար հատուկ հաշվի հաշվեքննության վերաբերյալ։
TF022931 դրամաշնորհի միջոցներն օգտագործվելու են խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար։ Խորհրդատուների ընտրությունն ու վերահսկողությունն իրականացնում է Բանկը՝ իր կողմից կիրառվող ընթացակարգերի համաձայն։
Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է խորհրդատուներին անվճար տրամադրել տվյալներ, ծառայություններ, համաձայնագրով նախատեսված սարքավորումներ։
TF022931 դրամաշնորհով ֆինանսավորվող աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ 2000 թվականի հունիսի 30-ը։
Համաձայնագրերով նախատեսված են դրամաշնորհների միջոցների օգտագործման իրավունքի կասեցման եւ դադարեցման հիմքերը։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ Երեւանի երկրաջերմային փորձնական ծրագրի նախապատրաստման աշխատանքների համար Բ բլոկի TF022931 դրամաշնորհի 1999 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ Երեւանի երկրաջերմային փորձնական ծրագրի նախապատրաստման աշխատանքների համար Բ բլոկի TF022932 դրամաշնորհի 1999 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
11 ապրիլի 2000 թվականի
ՍԴՈ - 228