ԱՆՏԱՌԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 21 ապրիլի 2000 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության եւ բնօգտագործման նախարար Զ. Գեւորգյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Անտառարդյունաբերական համալիրի եւ անտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին 1998 թվականի սեպտեմբերի 11-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Զ. Գեւորգյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է Կողմերի արտադրական եւ գիտատեխնիկական ներուժի եւ անտառարդյունաբերական համալիրի ու անտառային տնտեսության մեջ տնտեսական կապերի պահպանման եւ զարգացման, բոլոր տեսակի անտառների կայուն զարգացման, շրջակա բնական միջավայրի պահպանման, անտառահումքային պաշարների վերականգնման նպատակով:
Համաձայնագիրն ունի հավելված՝ Անտառարդյունաբերական համալիրի եւ անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի կանոնադրությունը, որը հանդիսանում է համաձայնագրի անբաժանելի մասը:
Համաձայնագրով Կողմերը պայմանավորվում են համագործակցել անտառարդյունաբերական համալիրի եւ անտառային տնտեսության ոլորտում աշխատանքների համակարգման, թղթի արտադրության եւ անտառային այլ արտադրանքի իրացման շուկաների փոխադարձ ապահովման, անտառահումքային պաշարների ռացիոնալ օգտագործման բնագավառներում:
Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են ապահովել պետական աջակցություն համատեղ ներդրումային ծրագրերին, ստեղծել նպաստավոր պայմաններ անտառարդյունաբերական համալիրում եւ անտառային տնտեսությունում ներդրումների ներգրավման համար, մշակել համաձայնեցված դիրքորոշում փայտաթղթի արտադրանքի եւ այլ անտառային մթերքների համաշխարհային շուկայում համատեղ գործողությունների ապահովման ուղղությամբ:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Անտառարդյունաբերական համալիրի եւ անտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին 1998 թվականի սեպտեմբերի 11-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
21 ապրիլի 2000 թվականի
ՍԴՈ - 229