ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԿԻՆՈԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 2 մայիսի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռ. Շառոյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1997 թվականի մարտի 27-ին Մոսկվայում ստորագրված՝ Եվրասիական կինոակադեմիայի ստեղծման մասին հիմնադիր պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ռ. Շառոյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով հիմնադիր պայմանագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ..

Սույն պայմանագիրն ստորագրվել է 1997 թվականի մարտի 27-ին Մոսկվայում՝ ժամանակակից բազմազգ կինոմշակույթի զարգացման, ազգային կինեմատոգրաֆիաների ավանդույթների պահպանման եւ զարգացման նպատակով։

Պայմանագրի համաձայն Կողմերը պայմանավորվում են ստեղծել Եվրասիական կինոակադեմիա, որը հանդիսանում է Կողմերի միջկառավարական, ոչ առեւտրային կազմակերպություն։

Կինոակադեմիայի գործունեությունը կարգավորվում է կինոակադեմիայի ստեղծման մասին պայմանագրով եւ կինոակադեմիայի կանոնադրությամբ, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը։

Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է իրականացնել ամենամյա մուծումներ, որոնք կատարվում են ֆինանսական կամ այլ ռեսուրսների տրամադրման ձեւով:

Կողմերի ամենամյա բաժնային մուծումների չափը, դրանց մուծման կարգը եւ ժամկետները հաստատվում են Անկախ պետությունների համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից։

Սույն պայմանագիրը բաց է նրա նպատակները եւ խնդիրները կիսող այլ պետությունների միանալու համար։

Կինոակադեմիայի կազմից Կողմերի դուրս գալու կարգն ու պայմանները սահմանվում են կինոակադեմիայի կանոնադրությամբ։

Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ Հայաստանի Հանրապետության կողմից արված վերապահման համաձայն Հայաստանի համար այն ուժի մեջ կմտնի պայմանագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգով:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1997 թվականի մարտի 27-ին Մոսկվայում ստորագրված՝ Եվրասիական կինոակադեմիայի ստեղծման մասին հիմնադիր պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2 մայիսի 2000 թվականի
ՍԴՈ - 231

print page Տպել էջը