ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ԱԹԵՆՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 2 մայիսի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ հրավիրված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության մասին 1999 թվականի հոկտեմբերի 18-ին Աթենքում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրված՝ 13. 04. 2000 թ.):

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Հարությունյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ..

Համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Աթենքում: Համաձայնագրի նպատակը պաշտպանական նյութերին վերաբերող արդյունաբերական եւ տեխնիկական ոլորտներում արտադրական համատեղ ծրագրերի մշակման հնարավորությունների ընձեռումն է՝ Կողմերի զինված ուժերի կարիքները բավարարելու համար: Կողմերը պարտավորվել են՝ փոխանակել սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառներում ձեռք բերված նվաճումների վերաբերյալ տեղեկատվություն, աջակցել արտադրական ծրագրերի եւ համատեղ հետազոտությունների իրականացմանն ու առաջընթացին, մատակարարել արդիական սպառազինություն եւ պաշտպանական սարքավորումներ, փոխանցել առաջավոր տեխնոլոգիաներ, պաշտպանական նյութերի համատեղ արտադրության հետագա զարգացման համար խրախուսել Կողմերի ձեռնարկությունների միջեւ պայմանագրերի կնքումը եւ այլն:

Համաձայնագրով սահմանվել են Տեխնիկական կոմիտեի ստեղծման կարգը եւ նրա պարտականությունները, ինչպես նաեւ Կողմերի պատասխանատվությունն ու պարտավորությունները:

Գաղտնի ռազմական տեղեկատվության պաշտպանության ապահովման համար Կողմերի պարտավորությունները սահմանվել են համաձայնագրի անբաժանելի մասը կազմող Անվտանգության արձանագրությամբ (հավելված «Ա»):

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության մասին 1999 թվականի հոկտեմբերի 18-ին Աթենքում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2 մայիսի 2000 թվականի
ՍԴՈ - 232

print page Տպել էջը