ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 23 մայիսի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1999 թվականի ապրիլի 30-ին Թբիլիսիում ստորագրված՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության

կազմակերպության արտոնությունների եւ անձեռնմխելիության մասին լրացուցիչ արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Մարտիրոսյանի բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Քննության առարկա արձանագրությունն ստորագրվել է Կողմերի ներկայացուցիչների համար իրենց պաշտոնական գործառույթների իրականացման ընթացքում արտոնություններ եւ անձեռնմխելիություն սահմանելու նպատակով:

Արձանագրությամբ ՍԾՏՀ կազմակերպությանը, նրա սեփականությանը եւ ակտիվներին տրամադրվում է անձեռնմխելիություն բոլոր տեսակի իրավական գործողություններից, միաժամանակ սահմանելով ՍԾՏՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի որոշմամբ այդ անձեռնմխելիությունից հրաժարվելու հնարավորություն:

Արձանագրության համաձայն՝ անձեռնմխելիությունից օգտվում են նաեւ ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարությունը, նրա սեփականությունը եւ ակտիվները, ՍԾՏՀ արխիվները եւ բոլոր փաստաթղթերը, իսկ պաշտոնական նամակագրությունը եւ պաշտոնական հաղորդակցությունները, հրապարակումներն ու այլ նյութերն ազատվում են գրաքննությունից:

Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ՝ ՍԾՏՀ-ն, նրա ակտիվները, եկամուտները եւ սեփականությունն ուղղակի հարկերից ազատելու, ներմուծվող եւ արտահանվող առարկաները մաքսատուրքերից կամ լրացուցիչ ֆինանսական պարտավորություններից ազատելու, պաշտոնական օգտագործման նպատակով սեփականության իրավունքով ձեռք բերվող գույքը մաքսատուրքերից եւ հարկերից ազատելու, ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարության անձնակազմին վճարված աշխատավարձը հարկերից ազատելու կապակցությամբ:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1999 թվականի ապրիլի 30-ին Թբիլիսիում ստորագրված՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտոնությունների եւ անձեռնմխելիության մասին լրացուցիչ արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

23 մայիսի 2000 թվականի
ՍԴՈ - 234

print page Տպել էջը