ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՎՐԱՍՏԱՆԻ, ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՅՈՒՆԴՍՊ-Ի ՄԻՋԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈՂԻ ԼՎԱՑՄԱՆ ԴԵՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 23 մայիսի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Հ. Հարությունյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով եւ 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21 եւ 56 հոդվածներով,

դռնբաց նիստում քննեց «1999 թվականի հունիսի 10-ին Թբիլիսիում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության եւ ՅՈՒՆԴՍՊ-ի միջեւ թմրամիջոցների հսկողության եւ փողի լվացման դեմ գործունեությունում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Հարությունյանի բացատրությունները, հետազոտելով հուշագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Փոխըմբռնման հուշագիրն ստորագրվել է 1999թ. հունիսի 10-ին Թբիլիսիում՝ Հայաստանի Հանրապետության, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության եւ Միավորված ազգերի՝ թմրամիջոցների հսկողության ծրագրի (ՅՈՒՆԴՍՊ) միջեւ՝ թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում եւ փողի լվացման դեմ գործունեությունում համագործակցելու նպատակով:

Հուշագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետեւյալ պարտավորությունները.

- համագործակցել թմրամիջոցների պահանջարկի նվազեցման, թմրամիջոցների անօրինական արտադրության եւ շրջանառության կանխման, օրինական նպատակների համար թմրամիջոցների արտադրության, առեւտրի եւ օգտագործման նկատմամբ հսկողության բնագավառում,

- համագործակցել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բնագավառում օրենսդրության եւ դատական պրակտիկայի վերաբերյալ փորձի փոխանակման, նոր տեսակի թմրամիջոցների մասին տեղեկատվության տրամադրման, փողի լվացման խափանման միջոցառումների իրականացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում,

- ապահովել թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող անձանց կողմից գործածվող նոր մեթոդների եւ ձեւերի, թմրամիջոցների անօրինական տեղափոխման նոր ճանապարհների մասին

տեղեկատվության փոխանակումը,

- ապահովել վերահսկվող մատակարարումների կիրառումը, ստացված տեղեկատվության ու փաստաթղթերի գաղտնիությունը եւ դրանց նպատակային նշանակությամբ օգտագործումը:

Հուշագրով սահմանված է այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից դրան միանալու կամ դրանից դուրս գալու կարգը:

Հուշագիրը կատարված է չորս բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, վրացերեն, պարսկերեն եւ անգլերեն: Տարաձայնությունների դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության եւ ՅՈՒՆԴՍՊ-ի միջեւ թմրամիջոցների հսկողության եւ փողի լվացման դեմ գործունեությունում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

23 մայիսի 2000 թվականի
ՍԴՈ - 235

print page Տպել էջը