ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 05 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 20 հունիսի 2000 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝
դիմող կողմի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Կիմ Բալայանի, Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Վազգեն Սաֆարյանի, նրա ներկայացուցիչ Ստեփան Ստեփանյանի,
պատասխանող կողմի՝ Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ՝ հանձնաժողովի նախագահ Վաղարշակ
Մանուկյանի, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտյոմ Մովսեսյանի, հանձնաժողովի անդամ Արշակ Արզիկյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետի եւ 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետի, 25 հոդվածի 3 կետի եւ 57 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 05 ընտրատարածքում 2000 թվականի մայիսի 21-ի լրացուցիչ ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին» գործը:
Գործի քննության առիթն Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուներ Կիմ Բալայանի եւ Վազգեն Սաֆարյանի դիմումներն են սահմանադրական դատարան։
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 45 եւ 65 հոդվածների պահանջներով, սահմանադրական դատարանը 2000 թ. հունիսի 6-ի նիստում կայացրել է աշխատակարգային որոշում՝ Կ. Բալայանի եւ Վ. Սաֆարյանի դիմումների հիման վրա սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերը միավորելու եւ դատարանի նույն նիստում քննելու մասին։
Լսելով սույն գործով զեկուցողներ՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի եւ Մ. Սեւյանի հաղորդումները, կողմերի ու վկաների բացատրությունները եւ հետազոտելով գործում առկա փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովը, 2000 թվականի մայիսի 23-ին ամփոփելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի թիվ 05 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով 2000 թվականի մայիսի 21-ի լրացուցիչ ընտրությունների արդյունքները, որոշում է կայացրել Եղիա Շամշյանի՝ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու մասին:
Համաձայն Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրության, թիվ 05 ընտրատարածքում առաջադրված եւ ՀՀ ընտրական օրենսգրքի 114 հոդվածի 4 կետով սահմանված կարգով քվեաթերթիկներում ընդգրկված 4 պատգամավորության թեկնածուների օգտին տրված ձայները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ. Եղիա Շամշյան՝ 1590, Կիմ Բալայան՝ 1499, Վազգեն Սաֆարյան՝ 1138, Զենիկ Սարգսյան՝ 873:
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուներ Կիմ Բալայանը եւ Վազգեն Սաֆարյանը սահմանադրական դատարան ներկայացրած դիմումներում անընդունելի են համարում Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի նշված որոշումը եւ խնդրում են պատգամավորի ընտրությունը թիվ 05 ընտրատարածքում ճանաչել անվավեր:
Համաձայն դիմող կողմի՝ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում տեղ են գտել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի լուրջ խախտումներ, որոնք ազդել են ընտրատարածքում ընտրությունների արդյունքների վրա:
3. Կ. Բալայանի դիմումում մատնանշված օրինախախտումները մասնավորապես հանգում են հետեւյալին. համաձայն Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի 20.05.2000թ. կազմած՝ քվեաթերթիկների հատկացման ամփոփագրի, թիվ 05 ընտրատարածքի տեղամասային ընտրական հանձնաժողովներին ՀՀ ընտրական օրենսգրքի 114 հոդվածի 7 կետի պահանջներին համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների ստորագրությամբ քվեաթերթիկներ են տրվել ընտրատարածքում ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թվից 5 տոկոս ավելի քանակով։ Սակայն, ըստ տեղամասային ընտրական հանձնաժողովների ամփոփիչ արձանագրությունների, ընտրատարածքի տեղամասային ընտրական հանձնաժողովների տրամադրության տակ եղած քվեաթերթիկների քանակը 1369-ով պակաս է Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի կողմից օրենքով սահմանված քանակով հատկացված քվեաթերթիկների թվից։ Տեղամասային հանձնաժողովները անճշտությունների չափը որոշելիս՝ որպես տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված քվեաթերթիկների քանակ հիմք են ընդունել տեղամասային հանձնաժողովներում քվեաթերթիկների հաշվառման վերաբերյալ արձանագրություններում նշված թիվը։ Մինչդեռ, ըստ դիմող կողմի, անճշտությունների չափը որոշելիս՝ Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի՝ քվեաթերթիկների հատկացման ամփոփագրում ամրագրված քվեաթերթիկների քանակը հիմք ընդունելու դեպքում անճշտությունների չափը կբացառեր ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը։
Որպես ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում տեղ գտած օրինախախտումների փաստեր մատնանշվում են նաեւ նախընտրական քարոզչության՝ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգի խախտումները, ընտրատարածքի մի տեղամասի քվեատուփում մեկ այլ տեղամասային հանձնաժողովի կնիքով կնքված եւ այդ հանձնաժողովի անդամների կողմից ստորագրված 2 քվեաթերթիկի հայտնաբերումը, քվեարկության նախօրեին 0062/05 տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեաթերթիկներն ստորագրելու ընթացքում 50 ստորագրված քվեաթերթիկների անհայտանալու փաստը, 0056/05 տեղամասում նույն անձի կողմից 2 քվեաթերթիկ քվեատուփ գցելու փորձը։
Վերջին փաստի առթիվ, համաձայն ՀՀ գլխավոր դատախազության տեղեկանքի, հարուցված է քրեական գործ։
4. Վ. Սաֆարյանը թիվ 05 ընտրատարածքում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջը հիմնավորելու համար ներկայացրել է հետեւյալ փաստարկները. 0055/05 տեղամասային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությունում մարված քվեաթերթիկների 1002 թվին այլ գույնի թանաքով ավելացվել է 346 թիվը, ինչը, ըստ դիմողի, միջոց է հանդիսացել անճշտությունների իրական չափը թաքցնելու համար։
Համաձայն ընտրատարածքի 11 տեղամասային ընտրական հանձնաժողովների ամփոփիչ արձանագրությունների եւ Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի՝ 21.05.2000թ. թիվ 05 ընտրատարածքում ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալների, Կիմ Բալայանի օգտին տրվել է 1504, Եղիա Շամշյանի օգտին՝ 1507 ձայն, իսկ անճշտությունների չափը կազմել է 27։ Ե. Շամշյանի վստահված անձի գրավոր պահանջով 0056/05 եւ 0062/05 ընտրական տեղամասերում տեղամասային արձանագրությունների՝ ընտրությունների փաստացի արդյունքներին համապատասխանությունն ստուգելու արդյունքում Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի կազմած արձանագրություններով Ե. Շամշյանի ձայները համապատասխանաբար ավելացվել են 21-ով եւ 55-ով՝ Վ. Սաֆարյանի եւ Զ. Սարգսյանի օգտին քվեարկված քվեաթերթիկների մեջ Ե. Շամշյանի օգտին քվեարկված քվեաթերթիկներ հայտնաբերելու միջոցով։ 0062/05 ընտրական տեղամասում կատարված ստուգումների արդյունքը հաստատող արձանագրությունն ստորագրելուց հրաժարվել են Վ. Սաֆարյանի վստահված անձինք, 0056/05 ընտրական տեղամասում ստուգումների արդյունքում կազմված արձանագրությունը եւս ստորագրված չէ Վ. Սաֆարյանի եւ Կ. Բալայանի վստահված անձանց կողմից։
5. Նշված օրինախախտումների փաստը հիմնավորելու համար դիմող կողմը ներկայացրել է Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովներին ձեւաթերթիկներ, քվեաթերթիկներ եւ կնիքներ տրամադրելու մասին ամփոփագրի պատճենը, մարզային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների ամփոփիչ արձանագրությունների պատճենները, 0056/05 եւ 0062/05 տեղամասերում ընտրությունների արդյունքների ստուգման վերաբերյալ Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճենները, Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի անդամ Ս. Բալասանյանի հատուկ կարծիքները։
6. Սահմանադրական դատարանը Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովից պահանջել եւ ստացել է հետեւյալ փաստաթղթերը. թիվ 05 ընտրատարածքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով 2000 թվականի մայիսի 21-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընտրական հանձնաժողովի որոշման եւ հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության՝ հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի կողմից վավերացված պատճենները, թիվ 05 ընտրատարածքի բոլոր ընտրական տեղամասերի ինչպես ամփոփիչ, այնպես էլ անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունների պատճենները, այդ ընտրատարածքի տեղամասերում ընտրության արդյունքների վերաբերյալ քաղաքային ընտրական հանձնաժողով մուտքագրված դիմումբողոքների օրինակները եւ տեղեկանք՝ դրանց ընթացք տալու մասին, թիվ 05 ընտրատարածքի տեղամասային ընտրական հանձնաժողովներին քվեաթերթիկներ հանձնելու մասին Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում կատարված գրառման պատճենը եւ քվեաթերթիկներն ընդունողների ստորագրություններով ամփոփագրի պատճենը։ Ընտրատարածքում օրինախախտումների վերաբերյալ տեղեկանքներ են պահանջվել եւ ստացվել ՀՀ գլխավոր դատախազությունից։
7. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 116 հոդվածի 5 կետին համապատասխան պատգամավորի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե ձայների քանակի վրա ազդող անճշտությունների քանակը բացառում է ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը, կամ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա։
ՀՀ ընտրական օրենսգրքի 60 հոդվածով սահմանված է ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն ամփոփելու եւ անճշտությունների չափը որոշելու կարգը։Համաձայն այդ հոդվածի 4 կետի, տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմում է անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրություն՝ հիմք ընդունելով տեղամասային ամփոփիչ արձանագրության տվյալները։ Հանձնաժողովը որպես առաջին անճշտությունների չափ նշում է տեղամասային ընտրական հանձնաժողովին տրված քվեաթերթիկների թվի եւ քվեատուփում առկա քվեաթերթիկների ու մարված քվեաթերթիկների թվի գումարի տարբերությունը, որպես երկրորդ անճշտությունների չափ նշում է ընտրողների ցուցակներում ստորագրությունների թվի եւ քվեատուփում առկա քվեաթերթիկների թվի տարբերությունը։ Տեղամասում անճշտությունների չափը համարվում է որպես առաջին եւ երկրորդ անճշտությունների չափ նշված անճշտությունների թվերի գումարը։
Համաձայն Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրված ձեւաթերթիկների, քվեաթերթիկների եւ կնիքների ամփոփագրի, թիվ 05 ընտրատարածքի 11 տեղամասային հանձնաժողովներին Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի կողմից տրվել է 30050 քվեաթերթիկ, մինչդեռ, այդ թիվն ըստ տեղամասային ամփոփիչ արձանագրությունների կազմում է 28681։ Ընդ որում, 0055/05 տեղամասային ընտրական հանձնաժողովին քաղաքային ընտրական հանձնաժողովի կողմից տրվել է 2280 քվեաթերթիկ, ամփոփիչ արձանագրությունում արձանագրվել 1846՝ տրվածից 434-ով պակաս, 0056/05 տեղամասում պակաս է արձանագրվել 218 քվեաթերթիկ, 0062/05 տեղամասում՝ 252 քվեաթերթիկ։ Ի դեպ, 0055/05 ընտրական տեղամասում այդ պակասը կազմում է տեղամասային ընտրական հանձնաժողովին տրված քվեաթերթիկների թվի 19 տոկոսը։
Պատասխանող կողմի պատճառաբանությունն այն մասին, որ որպես տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված քվեաթերթիկների թիվ պետք է ընդունել այդ հանձնաժողովներում քվեաթերթիկների վերահաշվարկման արդյունքի հիման վրա ամփոփիչ արձանագրություններում նշված թիվը, չի բխում ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներից։
ՀՀ ընտրական օրենսգրքի 114 հոդվածի 7 կետի պահանջը՝ տեղամասերում ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների թվից 5 տոկոս ավելի քանակով քվեաթերթիկներ հատկացնելու մասին, ՀՀ Սահմանադրության 3 հոդվածով սահմանված ընդհանուր ընտրական իրավունքի ապահովման երաշխիք է։
Վերոնշյալ դրույթը նպատակ է հետապնդում նաեւ ապահովել ՀՀ ընտրական օրենսգրքի 14 հոդվածի 3 կետում սահմանված կարգով քվեարկության նախորդ 5 օրվա ընթացքում ընտրողների ցուցակներում դատական կարգով վերականգնված եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընտրական իրավունքը։
ՀՀ ընտրական օրենսգրքի 44 հոդվածին համապատասխան՝ քվեաթերթիկները հաշվառման ենթակա փաստաթղթեր են եւ ընտրական հանձնաժողովներում դրանք հանձնվում եւ ընդունվում են գործավարության մատյաններում պարտադիր գրառմամբ, հանձնողի եւ ընդունողի կողմից ստորագրելու եւ ստացական տալու միջոցով, ընդ որում, դրանց ստացման, տեղափոխման եւ պահպանման համար պատասխանատու են հանձնաժողովների նախագահները։
ՀՀ ընտրական օրենսգիրքը, բացառությամբ քվեարկության նախորդ օրը քվեաթերթիկները տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից մարզային ընտրական հանձնաժողովից ստանալիս, մինչ քվեարկության արդյունքներն ամփոփելը քվեաթերթիկները հաշվելու վերաբերյալ այլ դրույթ չի ամրագրել։ Ուստի ընտրական հանձնաժողովներում ընտրության արդյունքներն ամփոփելիս որպես հիմք պետք է ընդունել մարզային ընտրական հանձնաժողովից տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին տրված եւ մարզային ընտրական հանձնաժողովում արձանագրված քվեաթերթիկների թիվը։
Այս պարագայում թիվ 05 ընտրատարածքում անճշտությունների չափը բազմակի գերազանցում է առաջին երկու տեղերն զբաղեցրած թեկնածուների ստացած «կողմ» ձայների տարբերությունը։
Ինչ վերաբերում է ՀՀ ընտրական օրենսգրքի 53 հոդվածին, համաձայն որի քվեաթերթիկների պահպանման կարգը սահմանում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ոչ մի մեկնաբանության պարագայում չի նախատեսում տեղամասային ընտրական հանձնաժողովներում քվեաթերթիկների վերահաշվարկում եւ վերահաշվարկված քվեաթերթիկների թվի ընդունումը քվեարկության արդյունքներն ամփոփելիս։ Օրենսգրքի այդ հոդվածն անգամ չի նախատեսում ստացած քվեաթերթիկների հաշվարկում, քվեաթերթիկներին անդրադառնալիս նշվում է միայն, որ հանձնաժողովի վիճակահանությամբ որոշված 3 անդամները մինչեւ ժամը 20.00 ստորագրում են բոլոր քվեաթերթիկները։
8. Թիվ 05 ընտրատարածքում ընտրությունների վերջնական արդյունքների համար վճռորոշ նշանակություն է ունեցել 0056/05 եւ 0062/05 ընտրական տեղամասերում Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի կողմից կատարված ստուգումների արդյունքում հաստատված՝ քվեարկված թեկնածուների օգտին տրված ձայների քանակը։ Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 62 հոդվածի, մարզային ընտրական հանձնաժողովի 2 անդամի կամ թեկնածուի վստահված անձի գրավոր պահանջով մարզային ընտրական հանձնաժողովն ստուգում է համապատասխան ընտրական տեղամասերում տեղամասային արձանագրությունների համապատասխանությունն ընտրությունների փաստացի արդյունքներին։ Ընտրությունների փաստացի արդյունքներին տեղամասային ամփոփիչ արձանագրությունների համապատասխանության ստուգումը ենթադրում է այն բոլոր տվյալների ստուգում, որոնք օրենքի համաձայն գրանցվում են տեղամասային ամփոփիչ արձանագրություններում։ Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 61 հոդվածի, քվեարկության արդյունքների տեղամասային ամփոփիչ արձանագրությունում գրանցվում են. ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ ընտրողների ցուցակի, գրանցված եւ քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը՝ ըստ ստորագրությունների, տեղամասային ընտրական հանձնաժողովին տրված քվեաթերթիկների թիվը, մարված քվեաթերթիկների թիվը, քվեատուփում առկա վավեր քվեաթերթիկների թիվը, անվավեր քվեաթերթիկների թիվը, քվեատուփում քվեաթերթիկների ընդհանուր թիվը, բոլոր թեկնածուներին դեմ քվեարկած քվեաթերթիկների թիվը, յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների թիվը, թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը։ Ընտրությունների փաստացի արդյունքներին տեղամասային ամփոփիչ արձանագրությունների համապատասխանության ստուգումը պահանջում է նաեւ մարված քվեաթերթիկների վերահաշվում։ Սակայն, համաձայն Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի անդամ Ս. Բալասանյանի հատուկ կարծիքի, մարված քվեաթերթիկների կապոցներն ստուգումների ընթացքում բացելու եւ ստուգելու իր պահանջը մերժվել է։ 0056/05 եւ 0062/05 ընտրական տեղամասերում Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի կողմից կատարված ստուգումների արդյունքում կազմված արձանագրություններում արձանագրվել են միայն նշված տեղամասերում քվեարկված թեկնածուների օգտին տրված ձայների, անվավեր քվեաթերթիկների եւ բոլորին դեմ քվեարկած քվեաթերթիկների քանակը։
Սահմանադրական դատարանի հանձնարարությամբ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստուգել է մարված քվեաթերթիկների թիվը նշված տեղամասերում եւ ստուգմամբ պարզվել է, որ 0056/05 տեղամասում դրանց թիվն արձանագրությունում նշվածից 26-ով պակաս է։
9. Գործի քննության ընթացքում պարզվեց, որ 0055/05, 0056/05 եւ 0062/05 ընտրական տեղամասերում տեղ են գտել նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների այլ խախտումներ, որոնց պատճառով անհրաժեշտ եւ բավարար նախադրյալներ չեն ստեղծվել ժողովրդավարական սկզբունքների պահպանմամբ ընտրությունների կազմակերպման եւ քաղաքացիների ընտրական իրավունքի լիովին պաշտպանման համար։ Մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի 53 հոդվածը պահանջում է, որպեսզի քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրված 3 անդամներ մինչ ժամը 20.00 ստորագրեն բոլոր քվեաթերթիկները, որոնք պետք է պահվեն հատուկ չհրկիզվող պահարանում։ Իրականում 0055/05 տեղամասում, ըստ տեղամասային ընտրական հանձնաժողովի, ստորագրվել է 1500 քվեաթերթիկ, որը 668-ով պակաս է տվյալ տեղամասում ընտրողների ընդհանուր թվից։ 0062/05 տեղամասում ստորագրվել է 1800 քվեաթերթիկ, որը 1121-ով կամ 38,4 տոկոսով պակաս է նույն տեղամասում ընտրողների ընդհանուր թվից։
10. Գործի քննության ընթացքում 0055/05 ընտրական տեղամասում ի հայտ են եկել անճշտությունների չափի վերաբերյալ թիվ 8 արձանագրության՝ ձեւով եւ բովանդակությամբ 3 տարբեր փաստաթղթեր, որոնց իսկության պարզաբանման համար փաստաթղթերը կուղարկվեն իրավապահ մարմիններին։
11. Վկաների ցուցմունքներով պարզվեց նաեւ, որ 0062/05 ընտրական տեղամասում դեռեւս չճշտված հանգամանքներում անհայտացել է նախապես ստորագրված 50 քվեաթերթիկ։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 05 ընտրատարածքում 2000 թվականի մայիսի 21-ի լրացուցիչ ընտրություններում պատգամավորի ընտրությունը ճանաչել անվավեր։
ՀՀ ընտրական օրենսգրքի 116 հոդվածի 9 կետի պահանջի հիման վրա սույն ընտրատարածքում անցկացնել վերաքվեարկություն։
2. Սույն գործի քննության ընթացքում բացահայտված իրավախախտումների վերաբերյալ նյութերը տրամադրել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ համապատասխան ընթացք տալու համար։
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
20 հունիսի 2000 թվականի
ՍԴՈ - 236