ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 51 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 20 հունիսի 2000 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝
դիմող կողմի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Վանիկ Միրզոյանի,
պատասխանող կողմի՝ ՀՀ Լոռու մարզային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ՝ հանձնաժողովի անդամ Հրանտ Մատինյանի,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով եւ 101 հոդվածի 3 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 20 հոդվածի առաջին մասով, 21 հոդվածով, 25 հոդվածի 3 կետով եւ 57 հոդվածով,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 51 ընտրատարածքում 2000 թվականի մայիսի 21-ի լրացուցիչ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Վ. Միրզոյանի՝ սահմանադրական դատարան ներկայացրած դիմումն է:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 2000 թվականի հունիսի 8-ի նիստում քննարկելով Վ. Միրզոյանի դիմումը, կայացրել է աշխատակարգային որոշում՝ ըստ որի գործն ընդունվել է քննության եւ »Սահմանադրական դատարանի մասին, Հայաստանի Հանրապետության օրենքի 39, 40, 41 եւ 57 հոդվածներին համապատասխան պատասխանող կողմ է ճանաչվել Լոռու մարզային ընտրական հանձնաժողովը (ՄԸՀ):
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, կողմերի բացատրությունները, ինչպես նաեւ հետազոտելով դիմումը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ..
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններն անցկացվել են 2000 թվականի մայիսի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 118 հոդվածում նախատեսված ժամկետում, նույն օրենսգրքի 31, 32 եւ 36 հոդվածներին համապատասխան ստեղծված է եղել Լոռու ՄԸՀ, իսկ 37 հոդվածին համապատասխան ստեղծվել են տեղամասային ընտրական հանձնաժողովներ, ինչպես նաեւ 98 հոդվածին համապատասխան ձեւավորված է եղել Լոռու մարզի թիվ 51 ընտրատարածքը, որն ընդգրկել է 42 ընտրական տեղամաս:
ՀՀ ընտրական օրենսգրքի 114 հոդվածով նախատեսված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լրացուցիչ ընտրությունների օրը թիվ 51 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների քվեաթերթիկներում ընդգրկված են եղել Լոռու ՄԸՀ-ի գրանցած՝ Ազգային ժողովի պատգամավորության 2 թեկնածուներ: Լոռու ՄԸՀ-ի ամփոփիչ արձանագրության տվյալներին համապատասխան ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններին մասնակցել է 16016 ընտրող: Թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը կազմել է 15772, որը բաշխվել է հետեւյալ կերպ. Համբարձում Ավետիսյան՝ 15062, Վանիկ Միրզոյան՝ 710:
Լոռու ՄԸՀ-ն 2000 թ. մայիսի 23-ի որոշումով թիվ 51 ընտրատարածքից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրված պատգամավոր է համարել առավելագույն կողմ ձայներ ստացած Հ. Ավետիսյանին:
2. Ըստ դիմող կողմի՝ թիվ 51 ընտրատարածքում Լոռու ՄԸՀ-ն հաշվի չի առել մի շարք հանգամանքներ, մասնավորապես, նրա կարծիքով, ընտրության ժամանակ գրեթե բոլոր տեղամասերում կատարված ապօրինի գործողությունների եւ իրավախախտումների հետեւանքով խախտվել են ՀՀ ընտրական օրենսգրքի դրույթները՝ կեղծվել է ընտրության մասնակիցների թիվը, ընտրությանը մասնակցել են ցույց տրված թվի մոտ 1/3-ը. 0921 տեղամասում Հ. Ավետիսյանի ստացած ձայների (286) մեծ մասը կեղծ է. 0919 տեղամասում ընտրողների հաշվառված թվին ավելացվել է մոտ 80 քվեաթերթիկ, իսկ ցուցակում ստորագրությունները կեղծ են. ընտրական տեղամասերում ընտրության մասնակիցների թիվը չի համապատասխանում իրական մասնակիցների թվին (0917 տեղամասում 513-ի փոխարեն ցույց է տրված 750, 0918-ում՝ 200-ի փոխարեն 815, 0940-ում՝ 500-ի փոխարեն 1037, 0915-ում ընտրությանը մասնակցել է ցույց տրված թվի (913) միայն 25%, նույնը՝ 0916 տեղամասում): Դիմողը նշում է նաեւ, որ այն տեղամասերում, որտեղ վստահված անձ է ունեցել, ընտրությանը մասնակցել են ընտրողների մոտ 30%-ը, իսկ վստահված անձ չունեցած տեղամասերում՝ 70-80%: Պատգամավորության թեկնածուն իր դիմումում խնդրել է ստուգել ընտրության փաստերը, հրապարակել ընտրության իրական արդյունքները եւ պատժել մեղավորներին:
3. Պատասխանող կողմը գտնում է, որ պատգամավորության թեկնածու Վ. Միրզոյանի դիմումն անհիմն է եւ ենթակա մերժման, պատճառաբանելով, որ դիմումում նշված օրինախախտումները օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չեն արձանագրվել þ բողոքարկվել, կամ դիմումներն օրինական կարգով մերժվել են:
4. Սահմանադրական դատարանը գործի նախապատրաստման ընթացքում լրացուցիչ փաստաթղթեր է պահանջել Լոռու ՄԸՀ-ից, Լոռու մարզի առաջին ատյանի դատարանից, Լոռու մարզի դատախազությունից:
5. Սահմանադրական դատարանն ամփոփիչ եւ անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունների հետազոտման արդյունքում պարզել է, որ անճշտությունների չափը կազմել է ոչ թե 1, ինչպես ներկայացված է ՄԸՀ-ի ամփոփիչ արձանագրությունում, այլ՝ 6 (0929 եւ 0935 տեղամասերում անճշտությունների չափը կազմում է ոչ թե զրո, այլ՝ 5):
6. Լոռու ՄԸՀ-ում գրանցված եւ տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված ու տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրություններում նշված քվեաթերթիկների թիվը պակաս է 195-ով:
7. Սահմանադրական դատարանում գործի քննությամբ նաեւ պարզվեց, որ Վ. Միրզոյանի դիմումում վկայակոչված փաստերն օրենքով նախատեսված կարգով չեն բողոքարկվել կամ հիմնավորվել: Այսպես, համաձայն Լոռու ՄԸՀ-ից ստացված տեղեկանքի (23.05.2000թ.), Վ. Միրզոյանի բողոք-դիմումը ներկայացվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 40 հոդվածի 1 կետով սահմանված ժամկետից ուշ, որի հիման վրա այն համարվել է ժամկետանց եւ չի քննարկվել։ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ Վ. Միրզոյանի դիմումը նույնպես քննության չի ընդունվել, քանի որ խախտվել է դատարան դիմելու ժամկետը:
Համաձայն Լոռու մարզի դատախազությունից ստացված գրության (N 853 Վ00, 06.06.2000թ.), Լոռու մարզի թիվ 51 ընտրատարածքի վերաբերյալ դիմումատուի կողմից նշված իրավախախտումների փաստերն ստուգվում են դատախազությունում:
ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրեց նաեւ, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 60 հոդվածի հիման վրա հաշվարկված անճշտությունների չափը թիվ 51 ընտրատարածքում չի գերազանցում առավելագույն »կողմ, ձայն ստացած թեկնածուների ձայների տարբերությունը եւ չի կարող ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա: Ինչ վերաբերում է իրավախախտումների վերաբերյալ դիմումատուի կողմից բերված փաստարկներին, ապա դրանք օրենքով սահմանված կարգով ստուգված þ հիմնավորված չեն։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 57, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Վանիկ Միրզոյանի պահանջը՝ ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով Լոռու մարզի թիվ 51 ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններում պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին, մերժել:
2. Սույն գործի քննության ընթացքում հրապարակված հայտարարությունները՝ իրավախախտումների վերաբերյալ, ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ համապատասխան ընթացք տալու համար:
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
20 հունիսի 2000 թվականի
ՍԴՈ - 237