ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 11 հուլիսի 2000 2000 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կ. Ճշմարիտյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սլովակիայի Հանրապետության կառավարության միջեւ առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ 2000 թվականի փետրվարի 2-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին» գործը։
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Համաձայնագրի նպատակը փոխադարձ առեւտրատնտեսական կապերի ամրապնդման եւ գիտատեխնիկական ու մշակութային համագործակցության զարգացման համար իրավական դաշտի ստեղծումն է: Համաձայնագրով Կողմերը պարտավորվել են աջակցել տնտեսական հարաբերությունների զարգացմանը՝ ուղղված ապրանքաշրջանառության եւ մատուցվող ծառայությունների ծավալի մեծացմանը, ինչպես նաեւ միմյանց համար ստեղծել առավել բարենպաստ ռեժիմ՝ առեւտրի եւ առեւտրատնտեսական համագործակցության այլ ձեւերի նկատմամբ: Կողմերը պարտավորվել են նաեւ՝ համատեղ ձեռնարկատիրական գործունեության զարգացման նպատակով ստեղծել բարենպաստ պայմաններ, չկիրառել խտրական միջոցներ, տնտեսական եւ գիտատեխնիկական գործունեության ընթացքում (այդ թվում՝ առեւտրի, ներդրումների, հարկման, բանկային ու ապահովագրական գործունեության եւ այլ ֆինանսական ծառայությունների) միմյանց տրամադրել նորմատիվային ակտեր, ապահովել առեւտրական, արդյունաբերական եւ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը:
Համաձայնագրով հաստատվում են Կողմերի շահագրգռվածությունը կապիտալի շարժի համար բարենպաստ պայմանների ստեղծման, կարեւորագույն նախագծերի եւ ազատ տնտեսական գոտիների իրականացման, սեփականաշնորհման հարցերում:
Համաձայնագիրը նախատեսել է, որ Կողմերն ուշադրություն կդարձնեն գիտնականների, գիտական կազմակերպությունների եւ ձեռնարկությունների միջեւ կապերի ու համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ գիտատեխնիկական հիմնախնդիրների մշակման եւ հետազոտական նախագծերի իրականացման համար գիտական կոլեկտիվների ստեղծմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սլովակիայի Հանրապետության կառավարության միջեւ առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ 2000 թվականի փետրվարի 2-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
11 հուլիսի 2000 թվականի
ՍԴՈ - 241