ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 11 հուլիսի 2000 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար Գ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի, դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին 1999 թվականի դեկտեմբերի 1-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Պողոսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի դեկտեմբերի 1-ին Երեւանում՝ Կողմերի միջեւ ուղեւորային եւ բեռնային հաղորդակցության կատարելագործման, մաքսատուրքերի եւ այլ վճարումների ճշգրիտ գանձման ապահովման, մաքսային իրավախախտումների կանխման եւ քննության, թմրանյութերի եւ հոգեներգործող, ինչպես նաեւ վերահսկվող քիմիական նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում փոխադարձ աջակցության ցուցաբերման նպատակով։
Ըստ համաձայնագրի Կողմերի մաքսային ծառայությունները՝
- ձեռնարկում են մաքսային արարողակարգերի պարզեցման միջոցներ,
- փոխադարձաբար ճանաչում են միմյանց մաքսային ապահովումները (կապարակնիքները, կնիքների դրոշմները) եւ մաքսային փաստաթղթերը,
- հարցման դեպքում միմյանց ներկայացնում են վկայականներ, որոնք հաստատում են, որ Կողմերից մեկի տարածքից արտահանված ապրանքները մյուս Կողմի տարածք են ներմուծվում օրինական հիմունքներով,
- աջակցություն են ցուցաբերում միմյանց թմրանյութերի, հոգեներգործող եւ վերահսկվող քիմիական նյութերի ապօրինի շրջանառության կանխման, խափանման եւ քննության գործում,
- հարցմամբ միմյանց են տրամադրում անհրաժեշտ տեղեկություններ,
- փոխանակում են գործող օրենսդրական կամ մաքսային եւ տարադրամային հարցերին վերաբերող այլ նորմատիվ ակտերի պատճեններ։
Սույն համաձայնագրով նախատեսված համագործակցությունն իրականացվում է անմիջականորեն մաքսային ծառայությունների միջեւ։
Համաձայնագրի իրականացման համար Կողմերը նպատակահարմար են գտնում հանձնարարել իրենց մաքսային ծառայություններին առանձին համաձայնագրեր կնքել մաքսային երկկողմ հարաբերությունների ողջ համալիրի վերաբերյալ։
Համաձայնագրով սահմանվում են նաեւ հարցման ձեւն ու բովանդակությունը, այն իրականացնելու եւ դրա կատարումից հրաժարվելու, ստացված փաստաթղթերի եւ տեղեկությունների օգտագործման, ծախսերի փոխհատուցման, վեճերի լուծման, համաձայնագրում լրացումների եւ փոփոխությունների կատարման կարգը։
Սույն համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի այլ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին 1999 թվականի դեկտեմբերի 1-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
11 հուլիսի 2000 թվականի
ՍԴՈ - 242