ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԻՐԵՆՑ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 14 հուլիսի 2000 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար Գ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21(1) հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ իրենց մաքսային ծառայությունների միջեւ փոխադարձ օգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը ՀՀ սահմանադրական դատարան (մուտքագրված՝ 27.06.2000 թ.):
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Պողոսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ իրենց մաքսային ծառայությունների միջեւ փոխադարձ օգնության մասին համաձայնագիրն ստորագրվել է 1999թ. մայիսի 12-ին՝ Երեւանում:
Համաձայնագրով Կողմերը պայմանավորվում են իրականացնել մաքսային ծառայությունների փոխադարձ աջակցություն՝ մաքսային իրավախախտումները կանխելու, հետաքննելու, մաքսային օրենսդրության պատշաճ կիրառման ուղղությամբ: Այս համագործակցության գլխավոր ուղիներն են՝ փոխադարձ տեղեկատվությունը բեռների արտահանման եւ ներմուծման օրինականության մասին, փոխադրամիջոցների, որպես ապօրինի գործողությունների օբյեկտ հայտնի կամ կասկածվող բեռների, ապօրինի գործողություններում կասկածվող կամ դրանցում ընդգրկված անձանց, ապօրինի գործողություններում օգտագործվելու մեջ հայտնի կամ կասկածվող մեթոդների եւ ուղիների, ինչպես նաեւ նման գործողությունների համար օգտագործվող կամ կասկածվող վայրերի մասին:
Փաստաթղթում առանձնապես կարեւորվում են այն դեպքերը, որոնք կարող են զգալի վնաս հասցնել Կողմերի կամ Կողմերից մեկի տնտեսությանը, հանրային առողջությանը, հասարակական անվտանգությանը կամ կենսական այլ շահերի:
Համաձայնագրում արծարծվում են նաեւ համագործակցության պայմանները, որոնց մեջ ընդգրկված են հարցումների իրականացման ձեւերը, անհրաժեշտության դեպքում տեղեկությունների գաղտնիությունը, փորձագետների եւ վկաների ընդգրկումը եւ այլն: Կողմերն իրենց վրա են վերցնում միայն վկաների համար ծախսերը եւ պետական պաշտոնյա չհանդիսացող փորձագետների եւ թարգմանիչների վարձատրությունը:
Սահմանված են համաձայնագրի ուժի մեջ մտնելու եւ գործողությունը դադարելու կարգն ու պայմանները:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ իրենց մաքսային ծառայությունների միջեւ փոխադարձ օգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
14 հուլիսի 2000 թվականի
ՍԴՈ - 244