ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԿԵՂԾ ԱՊՐԱՆՔԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆՇՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԵՎ ԽԱՓԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 14 հուլիսի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կ. Ճշմարիտյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով եւ 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21 եւ 56 հոդվածներով,

դռնբաց նիստում քննեց «Կեղծ ապրանքանշանների եւ աշխարհագրական ցուցանշումների օգտագործումը կանխելու եւ խափանելու միջոցառումների մասին 1999 թվականի հունիսի 4-ին Մինսկում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Համաձայնագիրն ստորագրվել է 1999թ. հունիսի 4-ին Մինսկում՝ կեղծ ապրանքանշանների եւ աշխարհագրական ցուցանշումների օգտագործման, ինչպես նաեւ անբարեխիղճ մրցակցության մեթոդների կիրառման փաստերի կանխմանն ու խափանմանն ուղղված համատեղ գործողությունները համակարգելու նպատակով:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետեւյալ պարտավորությունները.

- համագործակցել կեղծ ապրանքանշանների եւ աշխարհագրական ցուցանշումների օգտագործման փաստերի հայտնաբերման եւ կանխման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմաններով կեղծ ապրանքանշաններով եւ աշխարհագրական ցուցանշումներով ապրանքների թափանցումը կանխելու եւ ՀՀ տարածքում դրանց ազատ շրջանառությունը դադարեցնելու բնագավառներում,

- աշխարհագրական ցուցանշումների առնչությամբ շահագրգիռ կողմերին տրամադրել պաշտպանության իրավական միջոցներ՝ նպատակ ունենալով խոչընդոտել՝ 1) ապրանքի՝ աշխարհագրական ծագման առումով սխալ նշման կամ ներկայացման որեւէ միջոցի օգտագործմանը, եւ 2) որեւէ գործողության իրականացմանը, որը կարող է դիտվել որպես անբարեխիղճ մրցակցություն,

- ՀՀ օրենսդրությանը համապատասխան կամ շահագրգիռ կողմի հիմնավորված հարցմամբ մերժել կամ անվավեր ճանաչել ապրանքանշանի կամ ապրանքանշանի նկատմամբ իրավունքների փոխանցման գրանցումը, եթե դրանց օգտագործումը մոլորեցնում է սպառողներին,

- պաշտպանության իրավական միջոցներ կիրառել նաեւ այն աշխարհագրական ցուցանշումների նկատմամբ, որոնք, թեեւ տառացիորեն հավաստի են ապրանքների ծագման տարածքի առումով, սակայն սպառողներին մոլորեցնում են դրանց տարածքային ծագման հարցում,

- ՀՀ օրենսդրության մեջ ներառել դրույթներ ապրանքանշանների եւ աշխարհագրական ցուցանշումների նկատմամբ իրավունքների պահպանման վերաբերյալ,

- արտադրողների համար հավասար պայմաններ ապահովելու եւ սպառողների մոլորեցումը կանխելու նպատակով սահմանում է պայմանական նշաններ, որոնցով միանման աշխարհագրական ցուցանշումները կտարբերվեն միմյանցից,

- ապրանքանշանների եւ աշխարհագրական ցուցանշումների նկատմամբ իրավունքների սեփականատերերին տալ դատական մարմիններին դիմելու հնարավորություն, ինչպես նաեւ սահմանել դատական մարմինների իրավասությունները:

Համաձայնագիրը կատարված է մեկ բնօրինակով՝ ռուսերենով:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ֆինանսական պարտավորություններ չի ստանձնում:

Համաձայնագրում նախատեսված են նաեւ դրույթներ՝ համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ինչպես նաեւ համաձայնագրի ուժի մեջ մտնելու, դրա գործողության ժամկետի եւ համաձայնագրի գործողության դադարեցման վերաբերյալ:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Կեղծ ապրանքանշանների եւ աշխարհագրական ցուցանշումների օգտագործումը կանխելու եւ խափանելու միջոցառումների մասին 1999 թվականի հունիսի 4-ին Մինսկում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

14 հուլիսի 2000 թվականի
ՍԴՈ - 245

print page Տպել էջը