ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՍԻՍ-Ի ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 18 հուլիսի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Է. Մադաթյանի,

հրավիրված՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպական համայնքի միջեւ 1999 թվականի ՏԱՍԻՍ-ի ծրագրի ֆինանսավորման մասին հուշագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Մադաթյանի եւ հրավիրված Հ. Բեգլարյանի բացատրությունները, հետազոտելով հուշագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Քննության առարկա հուշագիրը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2000 թվականի մարտի 3-ին՝ Երեւանում, իսկ Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ 2000 թվականի մարտի 30-ին՝ Բրյուսելում:

Հուշագրի նպատակն է Կովկասյան երկաթուղիների համար հեռահաղորդակցության ցանցի ծրագրերի իրականացման միջոցով, «Տրասեկա» ծրագրի շրջանակներում, աջակցել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։

Հուշագրով Եվրամիությունը պարտավորվում է ՏԱՍԻՍ-ի ծրագրի շրջանակներում դրամաշնորհի ձեւով ֆինանսավորել «Կովկասյան երկաթուղիների համար հեռահաղորդակցության ցանցի ծրագրերի» (Ծրագիր MC 9901) իրականացումը եւ այդ նպատակով Հայաստանի Հանրապետությանը, Ադրբեջանի Հանրապետությանը եւ Վրաստանին հատկացնել 15 000 000 /տասնհինգ միլիոն/ եվրո։

Նշված ծրագիրը հուշագրի անբաժանելի մասն է կազմում եւ շարադրված է հավելված 1-ում։ Ծրագրով նախատեսվում է 24 թելք ընդհանուր հզորությամբ թելքաօպտիկական կաբելի եւ թվային հաղորդող մագիստրալի տեղադրում, վարչական հեռախոսային կապի փոխարինում ժամանակակից թվային սարքավորումով, երկաթուղիներին եկամուտ բերող եւ շտապ նորացման կարիք ունեցող հեռախոսային ապարատների (ֆաքսերի) փոխարինում նոր սարքավորումներով եւ կապի սարքավորումների համար էներգիայի երկրորդական աղբյուրների փոխարինում։

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է ընդամենը 17,55 միլիոն եվրո, որից 2,55 միլիոն եվրոն տրամադրվելու է դրամաշնորհն ստացող երկաթուղիների / Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան/ կողմից։ Ստացող երկաթուղիները կատարելու են մայրուղիների բաժանումը, խրամատների շինարարական աշխատանքները, կաբելային խողովակատարների առաքումը եւ տեղադրումը, կաբելի տեղադրումը եւ այլն։

Դրամաշնորհի ձեւով ֆինանսավորումը կատարվելու է Եվրամիության բյուջեով՝ քննության առարկա հուշագրով, ինչպես նաեւ դրա անբաժանելի մասը կազմող ֆինանսավորման մասին հուշագրերի համար կիրառելի եւ Հատուկ պայմաններով /հավելված 3/ լրացված Ընդհանուր կանոններով /հավելված 2/ սահմանվող պայմաններին համապատասխան։

Ֆինանսավորման մասին հուշագրերի համար կիրառելի Ընդհանուր կանոնների համաձայն Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Եվրահամայնքի կողմից ֆինանսավորվող միջոցառումներին մասնակցող անձնակազմին տրամադրել այն բոլոր իրավունքներն ու արտոնությունները, որոնք տրամադրվում են Հայաստանի Հանրապետությունում աշխատող նման այլ օտարերկրյա քաղաքացիներին։ Նախատեսվում է նաեւ ծրագրի շրջանակներում ներմուծվող սարքավորումների եւ նյութերի, ինչպես նաեւ անձնակազմի անձնական կամ տնային օգտագործման իրերի ազատում հարկերից եւ մաքսատուրքերից։ Ընդհանուր կանոններն ինքնուրույն միջազգային պայմանագիր է, որն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրահամայնքի հանձնաժողովի միջեւ դեռեւս 1994 թվականի փետրվարի 2-ին եւ սահմանադրական դատարանում քննության առարկա է հանդիսացել «ՏԱՍԻՍ-ի 1996 թվականի ծրագրի ֆինանսավորման հուշագրի» եւ «ՏԱՍԻՍ-ի 1998 թվականի ծրագրի ֆինանսավորման հուշագրի»՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով /ՍԴՈ-99 եւ ՍԴՈ-150/։ Այն գործում է բոլոր միջոցառումների նկատմամբ, որոնք իրականացվում են Եվրահամայնքի տեխնիկական աջակցության ծրագրով։

Հուշագրի հավելված 3-ում շարադրված Հատուկ պայմաններին համապատասխան Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է համաձայնել, որ օպտիկական կաբելի համակարգի ազատ հզորությունն օգտագործվի տեղական հեռահաղորդակցության ցանցերի եւ բազմալրատվության ցանցերի զարգացման համար, էական տնտեսական կամ վարչական արգելքներ չստեղծել օպտիկական կաբելի համակարգի շահագործման կամ օգտագործման համար եւ օժանդակել ծրագրի ազատ հզորության առեւտրային շահագործմանը, ինչը աստիճանաբար կվերացնի հեռահաղորդակցության բնագավառում գոյություն ունեցող մենաշնորհը եւ, հետեւաբար, բխում է ՀՀ Սահմանադրության 8 հոդվածի պահանջներից։ Հատուկ պայմանների 8-րդ կետը կարող է գործել այնքանով, որքանով չի հակասի ՀՀ սահմանադրական դատարանի 1999 թվականի հունվարի 27-ի «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՍԴՈ-152 որոշմանը։

Հուշագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, բայց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից ստորագրված համալիր տեղեկանքից հետեւում է, որ Եվրահամայնքի հանձնաժողովը տեղեկացվել է, որ Հայաստանի Հանրապետության համար այն ուժի մեջ է մտնելու դրա համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելուց հետո։ Հուշագրի գործողության ժամկետն ավարտվում է 2002 թ. դեկտեմբերի 31-ին եւ կարող է երկարաձգվել միայն հիմնավորված գրավոր հայցի հիման վրա։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպական համայնքի միջեւ 1999 թվականի ՏԱՍԻՍ-ի ծրագրի ֆինանսավորման մասին հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

18 հուլիսի 2000 թվականի
ՍԴՈ - 248

print page Տպել էջը