ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 05 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ՎԵՐԱՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 26 հուլիսի 2000 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ, Պողոսյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝
դիմող կողմի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Կիմ Բալայանի,
պատասխանող կողմի՝ Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ՝ հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Մանուկյանի, հանձնաժողովի անդամ Արշակ Արզիկյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետի եւ 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետի, 25 հոդվածի 3 կետի եւ 57 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 05 ընտրատարածքում 2000 թվականի հուլիսի 9-ի վերաքվեարկության արդյունքները վիճարկելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթն Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Կիմ Բալայանի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, կողմերի բացատրությունները եւ հետազոտելով գործում առկա փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովը, 2000 թվականի հուլիսի 11-ին ամփոփելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 05 ընտրատարածքում 2000 թվականի հուլիսի 9-ի վերաքվեարկության արդյունքները, որոշում է կայացրել այդ ընտրատարածքում պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին:
Որոշումը կայացնելիս՝ Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովը հիմք է ընդունել իր կողմից կազմված ամփոփիչ արձանագրությունը (առ 11.07.2000 թ.) ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 05 ընտրատարածքում 2000 թվականի հուլիսի 9-ի վերաքվեարկության վերջնական արդյունքների վերաբերյալ, որը կազմվել է թիվ 05 ընտրատարածքի ՏԸՀ-ների կողմից ներկայացված տեղամասային ամփոփիչ
արձանագրությունների, ինչպես նաեւ ԵՔԸՀ-ի կողմից 2000 թ. հուլիսի 10-ին կատարված թվով հինգ ընտրատեղամասերի ընտրական փաստաթղթերի փաստացի ստուգումների արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա:
ԵՔԸՀ-ի կողմից կազմված ամփոփիչ արձանագրությունը (առ 11.07.2000 թ.) տարբերվում է տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից ներկայացված՝ քվեարկությունների ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրությունից նրանով, որ ԵՔԸՀ-ի կողմից ստուգումների արդյունքներով թիվ 0061 ընտրատեղամասում արձանագրվել է մարված թվով 600 քվեաթերթիկի պակաս, որը եւ դրվել է անճշտությունների հաշվարկի հիմքում:
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 05 ընտրատարածքում 2000 թվականի հուլիսի 9-ին տեղի ունեցած վերաքվեարկությանը մասնակցել են պատգամավորության թեկնածուներ Կիմ Բալայանը, Եղիա Շամշյանը, Զենիկ Սարգսյանը եւ Վազգեն Սաֆարյանը:
Քվեաթերթիկում ընդգրկված թեկնածուների օգտին տրված ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Կիմ Բալայան - 2605, Եղիա Շամշյան - 2214, Զենիկ Սարգսյան - 528, Վազգեն Սաֆարյան - 1018:
3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Կիմ Բալայանը սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում անընդունելի է համարում Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի վերոհիշյալ որոշումը, խնդրում է այն անվավեր ճանաչել եւ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 05 ընտրատարածքում 2000 թվականի հուլիսի 9-ին տեղի ունեցած վերաքվեարկության արդյունքում իրեն ընտրված պատգամավոր համարել:
Որպես իր խնդրանքը հիմնավորող փաստարկ՝ դիմումատուն նշում է, որ 05 ընտրատարածքի թիվ 0061 ընտրական տեղամասում վերաքվեարկության ամփոփիչ փաստաթղթերից թվով 600 չօգտագործված քվեաթերթիկների անհետացումը չէր կարող ազդել ընտրությունների արդյունքի վրա, քանի որ նշված քվեաթերթիկներն անհետացել են թիվ 0061 ընտրական տեղամասում դրանց մարումից հետո, եւ, բացի դրանից, նշում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությունն ստորագրվել է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից՝ առանց հատուկ կարծիքի:
Թիվ 05 ընտրատարածքի թիվ 0061 ընտրական տեղամասում վերաքվեարկության ամփոփիչ փաստաթղթերից թվով 600 չօգտագործված եւ մարված քվեաթերթիկների անհետացման, ինչպես նաեւ Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների անտեսման հարցերով Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Կիմ Բալայանը 2000 թվականի հուլիսի 13-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, իսկ թիվ 0061 ընտրական տեղամասում վերաքվեարկության արդյունքների ամփոփումից հետո թվով 600 մարված քվեաթերթիկների անհետանալու փաստը հաստատելու եւ Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի 2000 թվականի հուլիսի 10-ի ամփոփիչ արձանագրություններով գրանցված անճշտությունների չափն անվավեր ճանաչելու հարցերով՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան:
4. ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկանքի համաձայն թիվ 05 ընտրատարածքի թիվ 0061 ընտրական տեղամասում 2000 թվականի հուլիսի 9-ին կայացած վերաքվեարկության արդյունքները պարունակող փաստաթղթերից թվով 600 չօգտագործված եւ մարված քվեաթերթիկների անհետացման կապակցությամբ ՀՀ քրեական
օրենսգրքի 1331 հոդվածի հատկանիշներով 2000 թվականի հուլիսի 17-ին հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Ըստ դատախազության հաղորդման՝ փորձագիտական եզրակացությամբ հիմնավորվել է, որ 2000 թվականի հուլիսի 9-ին ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 05 ընտրատարածքում վերաքվեարկության ավարտից՝ ժամը 20.00-ից հետո թիվ 0061 ընտրատեղամասում կատարվել է թվով 2308 չօգտագործված քվեաթերթիկների մարում, այնուհետեւ նոր միայն տեղի է ունեցել 600 մարված քվեաթերթիկների հափշտակում:
5. Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2000 թվականի թիվ 2-2097 գործով կայացրած վճռով մասնակիորեն բավարարվել է պատգամավորության թեկնածու Կիմ Բալայանի դիմումը՝ թիվ 0061 ընտրատեղամասում վերաքվեարկության արդյունքների ամփոփումից հետո թվով 600 մարված քվեաթերթիկների անհետացման փաստը հաստատելու մասով:
6. Պատասխանող կողմը գտնում է, որ ԵՔԸՀ-ն գործել է ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, հաշվի է առել իր կողմից կատարված ստուգումների արդյունքները եւ այն հանգամանքը, որ թիվ 0061 ընտրատեղամասում չօգտագործված քվեաթերթիկները սահմանված կարգով չեն մարվել:
7. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ԵՔԸՀ-ն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումը կայացրել է առանց հիմնավորումների պատշաճ շարադրման:
Իր հերթին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, դիմելով նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն եւ ստանալով պատասխան տեղի ունեցած օրինախախտման վերաբերյալ, լիարժեք չի իրականացրել ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողության ապահովման իր լիազորությունները:
8. Հիմք ընդունելով գործի փաստական հանգամանքների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության տեղեկանքը, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռը, ինչպես նաեւ սահմանադրական դատարանում գործի քննության արդյունքները, սահմանադրական դատարանը գտնում է, որ ՏԸՀ-ում քվեարկության արդյունքների ամփոփման նիստում սահմանված կարգով արձանագրությունները կազմելուց հետո մարված քվեաթերթիկների անհետացումը չի կարող անճշտությունների չափի որոշման եւ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք հանդիսանալ, կարող է գնահատվել որպես ընտրությունների արդյունքները կեղծելու միջոց, ինչը հնարավոր է դառնում նաեւ ընտրական օրենսգրքի եւ ընտրական համակարգի՝ սահմանադրական դատարանի կողմից բազմիցս մատնանշված թերությունների պատճառով:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 57, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Բավարարել ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 05 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Կիմ Բալայանի դիմումը, ուժը կորցրած ճանաչել ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 05 ընտրատարածքում 2000 թ. հուլիսի 9-ի վերաքվեարկության արդյունքներով պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի 2000 թվականի հուլիսի 11-ի որոշումը, ընտրված պատգամավոր համարել Կիմ Բալայանին:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
26 հուլիսի 2000 թվականի
ՍԴՈ - 254