ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 29 սեպտեմբերի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ.Պողոսյանի, Վ. Սահակյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21(1) հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ ազատ առեւտրի մասին 2000 թվականի հունվարի 18-ին Մինսկում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2000 թվականի հունվարի 18-ին Մինսկ քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման եւ միասնական տնտեսական գոտու ձեւավորման նպատակով։

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության սկզբունքով« ստանձնում է հետեւյալ պարտավորությունները,

- չկիրառել մաքսատուրքեր, ինչպես նաեւ տուրքերին համարժեք ներգործություն ունեցող հարկեր եւ գանձումներ, քանակային սահմանափակումներ՝ ներմուծվող եւ արտահանվող այն ապրանքների վրա, որոնք ծագել են մեկ Կողմի պետությունում եւ նախատեսված են մյուս Կողմի մաքսային տարածքի համար,

- ապրանքների արտահանման եւ ներմուծման նկատմամբ չմտցնել որեւէ հատուկ սահմանափակումներ կամ պահանջներ, որոնք նույնանման իրադրությունում չեն կիրառվում ներքին արտադրության կամ երրորդ երկրներից ծագած ապրանքների նկատմամբ,

- մյուս Կողմի տարածքում ծագած ապրանքների պահեստավորման, վերաբեռնման« պահպանման, փոխադրման, ինչպես նաեւ վճարումների նկատմամբ չկիրառել այլ կանոններ« քան կիրառվում են համանման դեպքերում սեփական կամ երրորդ երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ,

- ձեռնպահ մնալ փոխադարձ առեւտրում ապրանքների արտահանումը եւ ներմուծումը սահմանափակող միջոցառումների կիրառումից,

- առանց համաձայնեցնելու թույլ չտալ այն ապրանքների վերարտահանում« որոնց արտահանման նկատմամբ Կողմը, որի պետության ծագում ունեն այդ ապրանքները« կիրառում է քվոտավորման եւ լիցենզավորման միջոցներ,

- թույլ չտալ գործողություններ, որոնք կարող են խոչընդոտել ազատ տնտեսական մրցակցությունը,

- ապահովել մյուս Կողմի պետության եւ երրորդ երկրի տարածքից իր երկրի տարածքով մյուս Կողմի պետության կամ ցանկացած երրորդ պետության համար նախատեսված ապրանքների անարգել տարանցումը։

Համաձայնագրի նպատակների իրականացման համար Կողմերը համաձայնեցին հիմնել հայ-բելառուսական առեւտրատնտեսական համագործակցության հանձնաժողով։

Համաձայնագրով սահմանվում է նաեւ դրանում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, դրա դրույթների մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ Կողմերի միջեւ ծագած վեճերի լուծման, համաձայնագրի ուժի մեջ մտնելու եւ դրա գործողության դադարեցման կարգը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով« «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ ազատ առեւտրի մասին 2000 թվականի հունվարի 18-ին Մինսկում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

29 սեպտեմբերի 2000 թվականի
ՍԴՈ - 256

print page Տպել էջը